Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների համար զարմանալի է, թե ինչու ոստիկանությունը չի զբաղվում համացանցում հայտնված տեսանյութով, որտեղ Վահան գյուղում դաժանաբար բռնության են ենթարկում անօգնական գայլին: NEWS.am-ի հետ զրույցում Propose ընկերության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը նշեց, որ համացանցում հայտնված տեսանյութը ոստիկանությունը պետք է անմիջապես ընդուներ որպես հաղորդում հանցագործության մասին:
«Ոստիկանության ուղիղ պարտականությունն է զբաղվել այս խնդրով, սակայն մինչեւ հիմա որեւէ քայլ չեն ձեռնարկել, իրենք դեռ դեկտեմբերին պետք է իմանային այս դեպքի մասին եւ այն ժամանակ պատժեին մեղավորներին»,-ասաց Նարե Արամյանը՝ նշելով, որ նման դեպքերով պետք է ոստիկանությունը զբաղվի, ոչ թե ՀԿ-ները:
Ոստիկանության լրատվական ծառայությունից մեզ հետ զրույցում հաստատեցին, որ հրապարակումն իսկապես որպես հանցագործության մասին հաղորդում չեն ընդունել, եւ նշեցին, որ այս դեպքով պետք է զբաղվի դատախազությունը, որն էլ իր հերթին կդիմի քննչական կոմիտե:
Նշենք, որ դեռեւս դեկտեմբերին նկարահանված տեսանյութը հուլիսի 16-ից ակտիվ շրջանառվում է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, տեսանյութում երեւում է, թե ինչպես Գեղարքունիք մարզի Վահան գյուղում զինվորական համազգեստով մի տղամարդ դաժանաբար ծեծում գայլին:
Նշենք, որ Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենքի 92-րդ հոդվածով պատիժ է նախատեսվում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար: Հոդվածում մասնավորապես, նշված է. «Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաեւ կենդանիներին խոշտանգելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ ութսունապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով»:





























