Հայաստանում քաղաքական դաշտի կայացման համար անհրաժեշտ է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգին։ Այսօր՝ հուլիսի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը՝ անդրադառնալով Սահմանադրական փոփոխություններին։
«Իմ կարծիքով՝ մեր երկրի համար դասական առումով շուտ է խորհրդարանական համակարգը։ Մենք դեռեւս ճանապարհ ունենք անցնելու։ Բայց քանի որ այսօր քաղաքական դաշտը կայացած չէ, այս կառավարման խորհրդարանական համակարգը կօգնի դաշտի կայացման հարցում: Մենք խնդիր ունենք ժողովրդին կոնսոլիդացնելու, համոզելու, բացատրելու նոր Սահմանադրությունը»,- ասաց Լեռնիկ Ալեքսանյանը՝ նշելով, որ ինքն անձամբ պատրաստվում է առաջարկություններ ներկայացնել Սահմանադրական փոփոխությունների համար։
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին հրապարակվել է նոր Սահմանադրության 1-7-րդ գլուխները, որտեղ հստակ նշված է, որ Հայաստանն անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգին։





























