Հանրապետական կուսակցությունը պետք է լինի քաղաքական դաշտում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ինչքանով է ՀՀԿ-ն վստահ՝ խորհրդարանում նորից կայուն մեծամասնություն է կազմելու։

«Կառավարման համակարգը գաղափարական խնդիր է, Հայաստանում ընտրական համակարգի ձեւավորումը դեռ կայացած չէ եւ դա լուրջ խնդիր է։ ՀՀԿ-ն անկախության օրերից եղել է քաղաքական դաշտում, եւ կարծում եմ, որ հետագայում էլ պիտի լինի քաղաքականության մեջ»,- ասաց Լեռնիկ Ալեքսանյանը։

Նոր Սահմանադրությունը, ըստ ՀՀԿ-ական պատգամավորի, լուծելու է կուսակցությունների հարցը։ Եթե դա չեղավ, ապա քաղաքական դաշտում ամեն ինչ ավելի վատ է լինելու, քան կիսանախագահական համակարգի ընթացքում էր։

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին հրապարակվել է նոր Սահմանադրության 1-7-րդ գլուխները, որտեղ հստակ նշված է, որ Հայաստանն անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգին։