Հայոց ցեղասպանության խնդիրը մի հարց է, որին մենք մեծ պատասխանատվությամբ ենք մոտենում եւ ես ինձ խորապես վիրավորված եմ զգում, որ իմ երկիրը դեռ չի ճանաչել Ցեղասպանությունը: Այս մասին «Ամերիկայի Ձայնի» հայկական ծառայությանը տված հարցազրույցում նշել է ԱՄՆ Կոնգրեսական, ազգությամբ հայ Ջեքի Կանչելյան-Սպիրը՝ հավելելով, որ ԱՄՆ-ը պարտավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, թե՛ ամերիկահայ համայնքի եւ թե՛ իր իսկ արժեքներին չդավաճանելու համար։
Դիտարկմանը, թե Դուք հատուկ նամակ եք պատրաստել եւ լուրջ աշխատանք եք կատարում Թուրքիայի տարածքում հայկական ժառանգության, հայկական եկեղեցիների պահպանման համար. այդ հարցում դեռ վտանգներն առկա՞ են, Կանչելյան-Սպիրը պատասխանել է. «Թե՛ Թուրքիայի տարածքում եւ թե՛ Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների ժառանգությունը լուրջ վտանգի տակ է, մենք չենք կարող չբարձրաձայնել այս խնդիրը»:
Անդրադառնալով Հայաստանին տրամադրվող ամերիկյան օգնությանը, եւ հարցին, թե ժամանակը չէ՞, որ ԱՄՆ-ը օգնի Հայաստանին զարգանալ տնտեսապես, նա արձագանքել է. «Երկուսն էլ պետք է շարունակվի: Հայաստանին հատկացվող ամերիկյան օգնությունը վերջին 5 տարիների ընթացքում կիսով չափ կրճատվել է, 44 միլիոն դոլարից հասնելով 20 միլիոնի։ Այսպիսով հայաստանին հատկացվող օգնությունը կրճատվել է, իսկ այլ երկրներին հատկացվող օգնությունը մեծապես աճել է: Կարծում եմ, Հայաստանին հատկացվող օգնությունը կարեւոր է. Հայաստանը շրջափակման մեջ է, մենք հասկանում ենք, որ Հայաստանն ամուր հարաբերություններ է պահպանում Ռուսաստանի հետ, սակայն Միացյալ Նահանգները եւս պետք է սերտ հարաբերություններ պահպանի Հայաստանի հետ»:
Ինչ վերաբերում է հայ ամերիկյան հարաբերություններին եւ դրանց խորացման հնարավորություններին, հայ կոնգրեսականը նշել է. «Կարծում եմ, ամերիկահայ համայնքը կարեւոր դեր ունի հայ-ամերիկյան հարաբերությունների ամրացման մեջ եւ Հայաստանից դուրս բնակվող հսկայական հայ համայնքը իրոք պատրաստ է օգնել Հայաստանին: Այս օգնությունը պետք է արտացոլվի նաեւ մեր օրենսդրական գործունեության մեջ։ Կարծում եմ, Հայաստանը կարող է կարեւոր դեր խաղալ թե՛ ԱՄՆ-Ռուսաստան եւ թե՛ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների մեջ։ Միացյալ Նահանգները ռազմակայան ունի Թուրքիայում եւ անշուշտ չի ցանկանում որեւէ կերպ վատացնել հարաբերությունները Թուրքիայի հետ, սակայն կարծում եմ, որ Ցեղասպանության ճանաչման միջոցով ԱՄՆ-ը պետք է առաջին հերթին պաշտպանի իր մարդասիրական սկզբունքները։ Միայն այդպես հնարավոր կլինի նպաստել նաեւ հայ թուրքական հարաբերությունների զարգացմանը»:





























