Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մահափորձի մեջ մեղադրվող Գարեն Աթաջանյանի որդու խանութին հուլիսի 7-ին մարզպետի օգնական Զարզանդ Նիկողոսյանի կողմից քարով հարվածելու դեպքով հետաքննությունը դեռ շարունակվում է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նրանց փոխանցմամբ՝ քրեական գործ չի հարուցվել:
Նշենք, որ նշանակվել էր ապրանքագիտական փորձաքննություն: Զարզանդ Նիկողոսյանը ստորագրությամբ ազատ է արձակվել: Ի դեպ, դեպքի հաջորդ օրը Զարզանդ Նիկողոսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել էր, որ խանութին քարով իսկապես ինքն է հարվածել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2015թ. հուլիսի 7-ին ժամը 04.00-ին շրջիկ ծառայություն իրականացնող խմբի ծառայողները Կապան քաղաքի Հ.Ավետիսյան փողոցից բերման են ենթարկել Սյունիքի մարզպետի օգնական Զարզանդ Նիկողոսյանին, որը քարով հարվածել եւ կոտրել է Հ.Ավետիսյան փողոցի թիվ 1 հասցեում գործող մթերային խանութ-սրահի մուտքի ապակե դուռը: Պարզվել է, որ խանութը պատկանում է Գերասիմ Աթաջանյանին, որը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մահափորձի մեջ մեղադրվող Գարեն Աթաջանյանի որդին է:





























