Հայ խորհրդարանականները հրավիրում են կորեացի գործընկերներին մասնակցել «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության» միջազգային պլատֆորմին: Այս մասին այսր՝ հուլիսի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Հայաստան-Կորեա բարեկամության խմբի համանախագահ Սամվել Ֆարմանյանը՝ ամփոփելով միջխորհրդարանական խմբի կորեական պատվիրակության հետ հանդիպման արդյունքները:

Նա շնորհակալություն է հայտնել կորեացի պատգամավորներին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելության համար:

«Ինչպես գիտեք, նման միջազգային պլատֆորմ ստեղծելու ՀՀ խորհրդարանի նախաձեռնությունը կոչված է միավորել ջանքերը, որպեսզի երբեք նման ողբերգությունը չկրկնվի»,-ասել է Ֆարմանյանը:

Ֆարմանյանը բարձր է գնահատել Կորեայի Հանրապետության խորհրդարանի Կորեա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Նո Յուն Մինի ծավալած հայանպաստ գործունեությունը:

«Ամեն տարի ապրիլի 24-ին Հարավային կորեայի խորհրդարանում մեր դեսպանատան, ինչպես նաեւ մեր կորեացի գործընկերների ջանքերով միջոցառումներ, ցուցահանդեսներ են տեղի ունենում: Մենք դրա համար շնորհակալ ենք նրանց»,-ընդգծել է ՀՀԿ-ական պատգամավորը: