Կորեական ասացվածքն ասում է՝ ցավ ապրածներն ավելի լավ կհասկանան իրար։ Այս մասին հուլիսի 17-ին՝ ՀՀ խորհրդարանում կայացած ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է Հայաստան-Կորեա բարեկամության միջխորհրդարանական խմբի համանախագահ Նո Յոնգ Մինը։
Նա նշեց, որ վերջին անգամ Հարավային Կորեայի պատգամավորները Հայաստան էին ժամանել 2012թ.։ Հիմա՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին, նրանք նորից այստեղ են։
Բարձրաստիճան հյուրը այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան -ինստիտուտը եւ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին։
«Ես վստահ եմ, որ եթե մենք չհիշենք պատմությունը, այն կարող է կրկնվել։ Հիշում ենք Հիտլերի այն հարցը, թե ո՞վ է հիմա հիշում՝ ինչ է եղել հայերի հետ։ Այդ պատճառով այդ ողբերգության մասին պատմություններն ու փաստերը պետք է տարածել ողջ աշխարհում»,- ասել է Նո Յոնգ Մինը։
Նա նշել է, որ Կորեան, ինչպես եւ Հայաստանը, երկար պատմություն ունի՝ լի տխուր էջերով։ «Մենք ասացվածք ունենք. նույն ցավը զգացողները ավելի լավ են հասկանում իրար։ Նրանք կարող են օգնել իրար։ Վստահ եմ, որ մենք կարող են համագործակցել տնտեսական եւ մշակութային ոլորտներում»,- հայտարարել է կորեացի պատգամավորը։





























