Ազգային պատկերասրահի շենքում ճառագայթային վտանգի նշանով հայտնաբերված արկղիկը իրենից որեւէ վտանգ չի ներկայացնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ՏԿԱԻՆ-ից:

Մեզ փոխանցեցին, որ արկղիկը անվտանգ տարածքում է, այն այժմ տեղափոխում են պատկերասրահից: «Դա իրենից ոչ մի վտանգավոր բան չի ներկայացնում է, ոչ ռումբ է, ոչ էլ թափոն, պարզապես թեթեւ, չնչին ճառագայթային նյութեր կան, սովետական ժամանակներից մնացած հակահրդեհային արկղիկ է»,-հայտնեցին ԱԻՆ-ից: Մեզ հայտնեցին նաեւ, որ արկղիկը որեւէ մեկը չի նետել պատկերասրահ, պարզապես հին ժամանակներից մնացած նյութ է, աշխատակիցները հայտնաբերել են ու դիմել օգնության:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 17-ին, ժամը 12.36-ին ահազանգ է ստացվել, որ Ազգային պատկերասրահի շենքում հայտնաբերվել է արկղ, որի վրա պատկերված է ճառագայթային վտանգի նշան. անհրաժեշտ է օգնություն:

Ահազանգը փոխանցվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն: