Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության երիտասարդներն այսօր՝ հուլիսի 17-ին, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի առջեւ իրենց բողոքը հայտնեցին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի այն հայտարարության դեմ, որ «օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին համալիր կարգավորման շրջանակում»:

«Մենք հայտարարում ենք, որ Արցախում չկա ոչ մի թիզ օկուպացված հող: Ավելին, Ադրբեջանն է, որ օկուպացրել է հայկական Շահումյանի, Գետաշենի, Մարտունաշենի, Արծվաշենի շրջանները: Ամերիկացի համանախագահի հայտարարությունը միակողմանի է, նրանք ըստ պատշաճի չեն արձագանքում, երբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից խախտվում է հրադադարի ռեժիմը, որի հետեւանքով զոհվում են թե զինվորականներ, թե խաղաղ բնակչություն: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի հայտարարությունը հեռու է կշռադատված և օբյեկտիվ լինելուց»,- ԵԱՀԿ գրասենյակի մոտ հայտարարեց երիտասարդներից Ռոման Ծատինյանը:

Ակցիայի մասնակիցները նամակը հանձնեցին գրասենյակի աշխատակցին, որը խոստացավ այն փոխանցել գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին: