Արմավիրի մարզում գազի բալոնի պայթելու հետեւանքով այրվածքներ ստացած մայր ու որդին Բաղրամյան գյուղից են: Գյուղապետ Բաբկեն Շահբազյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ կինը փորձել է միացնել 3կգանոց գազի բալոնը, բացել է փականը,  հրդեհ է բռնկվել: «Թե ինչ է եղել՝ ճիշտ չի բացել, թե չի կարողացել, չգիտենք, հրդեհ է եղել, հարեւանները օգնել են, հանգցրել, ինքն էլ այրվածքներ է ստացել»,-ասաց գյուղապետը:

Նա նշեց, որ հրդեհի հետեւանքով տանը մեծ վնաս չի հասցվել: Դա տուժածների բնակարանը չէր, այնտեղ էլ շատ իրեր չունեին, ապրում էին ամուսիններով, որդին ու դուստրը: Ամուսինը գյուղապետարանում է աշխատում՝ որպես վարորդ, կինը առողջական խնդիրներ ունի, չի աշխատում, իսկ որդին նախկինում փայտամշակման ընկերությունում էր աշխատում, այժմ ոստիկանության զորքեր է մտել ծառայության:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմավիրի մարզում գազի բալոնի պայթելու հետեւանքով այսօր՝ հուլիսի 17-ին, մայր ու որդին են տեղափոխվել Այրվածքաբանական կենտրոն: NEWS.am- ին հիվանդանոցից հայտնեցին, որ իրենց մոտ տեղափոխվել են 46-ամյա Լուսինե Մանգոյանն ու 27-ամյա Լեւոն Մարգարյանը: Որդու վիճակը համեմատաբար կայուն է: Մայրը գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում: