Խորթ հոր սպանության համար մեղադրվող, ազգությամբ եզդի, 25-ամյա Մաքսիմ Բաքոյանը չի հիշում, թե ինչպես է սպանել խորթ հորը: Այս մասին հուլիսի 17-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ասել է Մաքսիմ Բաքոյանը:
Մաքսիմը պատմել է, որ խորթ հոր հետ վիճաբանությունը սկսվել է այն ժամանակ, երբ վերջինս հայտարարել է, թե մեկնում է Թուրքիա:
«Մաքսիմին ասել է, որ գնում է Թուրքիայի կառավարությունից ստանալու այն գումարը, որը վճարում են մահացածի հարազատին: Մաքսիմն էլ չի համաձայնվել, ասել է, որ մոր արյունը չի վաճառվում: Սկսվել է վիճաբանություն, որի ընթացքում էլ սպանել է: Բայց թե ինչպես է սպանել, քանի անգամ է հարվածել, չի հիշում»,- NEWS.am-ի թղթակցին ասաց ամբաստանյալի փաստաբան Մամիկոն Մուրադյանը:
Նա նշեց, որ իր պաշտպանյալի ցուցմունքից հետո դատական նիստը հետաձգվել է եւ նշանակվել հուլիսի 24-ին:
Հիշեցնենք, որ ազգությամբ եզդի Մաքսիմ Բաքոյանի մորը՝ Մայա Բաքոյանին, 2013թ. Թուրքիայում սպանել էր ամուսնու՝ ազգությամբ քուրդ Էվիլիա Գյուլիշթեքինի եղբայրը՝ կնոջ 4 տարեկան որդու աչքի առջև հրազենային մահացու վնասվածք հասցնելով հարսին: Մարտի 15-ին Մաքսիմը, որը մինչեւ այդ Գերմանիայում էր ապրում, վերադարձել էր Գյումրի և իր երկու հարազատ քույրերի, խորթ հոր եւ նրա 2 զավակների հետ ապրում էր Գյումրիում: 2014թ. մարտի 15-ին նա դանակահարելով սպանել էր խորթ հորը։ Սպանությանն ականատես էր եղել Մաքսիմի մորաքույրը, որը NEWS.am-ին պատմել էր, որ Մաքսիմը դանակը մտցրել է խորթ հոր սիրտը, երբ վերջինն ասել է, որ Թուրքիա է գնալու՝ նրա մոր արյան փողը վերցնելու: Մաքսիմը, ըստ մորաքրոջ, խորթ հոր խոսքերից ենթադրել էր, որ նրա պատվերով է եղբայրը սպանել իր մորը եւ որոշել է վրեժ լուծել: Մաքսիմ Բաքոյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Բաքոյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։





























