Իտալական EDB հրատարակչությունը տպագրել է հայկական ծագմամբ իտալացի գրող Անտոնիա Արսլանի գիրքը, որի համահեղինակը սոցիոլոգ Էնցո Պաչեն է: «Մոռանալ Ցեղասպանությունը. Հայ ժողովրդի երկարատեւ հիշողությունը» վերնագրով գրքում նշվում է այն մասին, թե ինչպես, չնայած ամեն ինչին, թուրքական մտավորականությունն իր համար բացահայտում է ողբերգության մասին ճշմարտությունը: Այս մասին գրում է իտալական Avvenire պարբերականը՝ ներկայացնելով համահեղինակների կարծիքների փոխանակումը:

«Էնցո Պաչե - Մենք հաճախ ենք խոսել այն մասին, թե ինչպես են ջնջում Հայոց ցեղասպանության մասին թուրքերի պատմական հիշողությունը: Ես թուրքական որոշ համալսարաններում մի քանի գործընկերներ ունեմ, որոնք բացահայտորեն խոսում են այդ մասին (Ցեղասպանության - խմբ.)՝ հայտարարելով անցյալին առերեսվելու անհրաժեշտության մասին, ինչպես դա արեցին գերմանացիները Հոլոքոստի պարագայում: Այդ մասին խոսում են նաեւ լրագրողները եւ, զգուշությամբ, խոսում են նաեւ ներկայիս իշխող կուսակցությունից որոշ քաղաքական գործիչներ (սակայն ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների ժամանակ): Մեզ թվում է, որ պատմության հին էջերը բացելու որոշումը նշանակում է համարձակություն ունենալ դիմել դեռեւս չլուծված ժողովրդավարական հարցերի, որոնք չեն հասունացել եւ չափազանց ազգայնական-կենտրոնամետ են՝ բազմաթիվ մշակույթների, կրոնական եւ ազգային փոքրամասնությունների հանդեպ անհանդուրժողականության բռնկումներով

Անտոնիա Արսլան - Ցեղասպանության հերքման հիմքը, որը դոգմա է դարձել հանրապետության հիմնադրման ժամանակներից, ավելի ու ավելի ակնհայտ ճեղքեր է տալիս: Ոչ թե պետական գաղափարախոսական, այլ հասարակական կարծիքի մակարդակով, բազմաթիվ թուրքերի ուղեղում՝ մշակութային գործիչների, լրագրողների, գիտության կամ շարքային քաղաքացիների, այդ թվում՝ արեւելյան Անատոլիայի հեռավոր շրջաններում: Ավելանում է այն թուրքերի թիվը, որոնք չեն ցանկանում փակել աչքերն ու ականջները: Թուրքական արյան հպարտության վրա հիմնված պետության առասպելն ավելի շատ է ցուցադրում իր խոցելիությունը:

Հարկավոր է հիշել, որ այստեղ խոսքը միայն հայերի մասին չէ: Երիտթուրքերի քաղաքականությունը ենթադրում էր նաեւ քրիստոնյա այլ փոքրամասնությունների (հույների եւ ասորիների) ոչնչացում, ինչպես նաեւ մահմեդական փոքրամասնությունների ձուլում, այդ թվում՝ քրդերի:

Էնցո Պաչե - Չնայած ԱՄՆ-ում բարձր վարկանիշ ունեցող նշանակալի հայ համայնքին, ամերիկյան կառավարությունը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Ի՞նչն է դրան խանգարում:

Անտոնիա Արսլան - Թուրքիան միշտ Միացյալ Նահանգների հավատարիմ դաշնակիցն է եղել, իսկ ԱՄՆ-ն ամերիկյան խոշոր բազաներ ունի այդ երկրի տարածքում: ԱՄՆ-ի վրա Թուրքիայի՝ չթուլացող ճնշումը գրեթե անհնար է դարձնում Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը»: