Մոսկվայի իր տանը, հուլիսի 19-ի երեկոյան, 68 տարեկան հասակում մահացել է  Գենադի Սելեզնյովը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Գենադի Նիկոլաեւիչը մահացել է այսօր երեկոյան, իր տանը: Նա ծանր հիվանդ էր եւ վերջին ժամանակներս առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր: Բժիշկներն արդեն ոչինչ չէին կարող անել»,-ասել է քաղաքական գործչի փեսան՝ Անդրեյ Անդրեեւը՝ հավելելով, որ վերջին մի քանի ամիսներին Սելեզնյովը պայքարում էր ծանր հիվանդության դեմ, եւ բժիշկներն «արել են հնարավոր ամեն բան»:

Գենադի Սելեզնյովը Ռուսաստանի Պետական դումայի երկրորդ եւ երրորդ գումարումների (1996-1999 եւ 2000-2003) նախագահն էր: Նա պատգամավոր է ընտրվել  նաեւ առաջին եւ չորրորդ գումարումների Պետդումայում:

Մինչ պատգամավոր ընտրվելը նա եղել է «Պրավդա» թերթի գլխավոր խմբագիրը (1991-1993թթ), ղեկավարել է «Ուսուցչական թերթը» (1988-1991թթ) եւ «Կոմսոմոլսկայա պրավդան» (1981-1988թթ):

Նա ՌԴ խորհրդարան է անցել Կոմկուսի ցուցակով, եղել է Կոմկուսի կենտկոմի նախագահության անդամ: 2002-ի մայիսին Սելեզնյովը զրկվել է կուսակցական տոմսից՝ «կուսակցական կարգապահությանը չենթարկվելու համար»:

Սելեզնյովը հրաժարվել է վայր դնել Պետդումայի նախագահի լիազորությունները: