Կոտայքի մարզում տեղի ունեցած վթարի հետեւանքով մարմնական վնասվածքներ ստացած զինծառայողների վիճակը լավ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կենտրոնական կայազորային հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
Նա նշեց, որ վթարի հետեւանքով իր մոտ տեղափոխված 5 զինծառայողներից 3-ը երեկ ամբուլատոր բուժօգնություն են ստացել եւ գնացել, 2-ն էլ այսօր դուրս կգրվեն, որեւէ լուրջ վնասվածք չկա, առողջական խնդիրներ չեն հայտնաբերվել:
Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ հուլիսի 17-ին, ժամը 17:00-ի սահմաններում Զառ գյուղի սկզբնամասում Երեւան քաղաքի Ավան Առինջ թաղամասի բնակիչ, 27-ամյա Մխիթար Մինասյանը իր վարած Ֆոլցվագեն մակնիշի 34 ՍA 446 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել բետոնե արգելապատնեշին: Վթարի հետեւանքով վարորդ Մ. Մինասյանն ու նրա ուղեւորներ, Երեւանի բնակիչներ, 26-ամյա Սարգիս Անուշյանը, 26-ամյա Վանուշ Խաչատրյանը եւ 32-ամյա Միքայել Միրաբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են ՀՀ ՊՆ «Մուրացան զինվորական հոսպիտալ»: Բոլոր վիրավորները ծառայում են խաղաղապահ զորամասում՝ որպես պայմանագրային ծառայողներ:





























