Լոռու մարզպետի որդու՝  22-ամյա Լեւոն Նալբանդյանի վիճակը լավ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Արմեն Մուրադյանը:

Նա նշեց, որ երիտասարդին տեղափոխել են Վնասվածքաբանության բաժանմունք: Լեւոն Նալբանդյանը հրազենային վնասվածքը ստացել էր սրունքների շրջանում, նրան ավելի վաղ վիրահատել էին:

Ի դեպ, միջադեպի վերաբերյալ երեկվանից ոչ մի կերպ չի հաջողվում մեկնաբանություն վերցնել Լոռու մարզպետից, նա չի պատասխանում հեռախոսազանգերին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում հուլիսի 18-ի գիշերը կրակել են Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի 22-ամյա որդու վրա։ Մեր տեղեկություններով, երիտասարդը հրազենային վնասվածքներ է ստացել, նախնական վիրահատության է ենթարկվել Ալավերդիում, տեղափոխվել Երեւանի «Էրեբունի» բուժկենտրոն: Ոստիկանները հայտնաբերել են կրակողին էլ, զենքն էլ։

Մարզպետի որդին մտերիմ է եղել կրակողի հետ, եւ դեպքն էլ, նախնական տեղեկություններով, դժբախտ պատահար է որսի ժամանակ։ Թեեւ Ալավերդիում խոսակցություններ կան, որ կրակոցը ամենեւին էլ պատահականություն չէ: