Հայտնի ռուսաստանցի գործարար Գերման Ստերլիգովը, որի փոխադրվելը Լեռնային Ղարաբաղ տարբեր խոսակցությունների ու մեկնաբանությունների տեղիք տվեց, ադրբեջանական մամուլին առաջարկել է սսկվել:
«ՎԿոնտակտե» սոցիալական ցանցի իր էջում Ստերլիգովը գրել է հետեւյալը. «Ադրբեջանական մամուլը եւ ռուսական մամուլի մի մասը մի ողջ շաբաթ զրպարտում էին ինձ, որ ես, իբր, «փախել եմ Լեռնային Ղարաբաղ»՝ թաքնվելով ՌԴ ոստիկանությունից: Փոխանակ նվաստանալու եւ ապացուցելու, որ դա սուտ է, ես որոշեցի կեղծիքը բացահայտել ամենապարզ միջոցով՝ վերադառնալ Ռուսաստան մի քանի օրով, որպեսզի բոլոր զրպարտիչները սսկվեն:
Նախորդ երկուշաբթի Լեռնային Ղարաբաղում մեծ մամուլի ասուլիսի ժամանակ ես տեղեկացրի Ռուսաստանի իրավապահ մարմիններին երեք օրով իմ Մոսկվա վերադառնալու մասին: Գրեթե բոլոր հեռուստաալիքները եւ խոշոր թերթերը տեղեկացրին այդ մասին միլիոնավոր ռուսաստանցիների: Մեկնեցի, ինչպես խոստացել էի, «Շերեմետեւո» օդանավակայանում մեծ բրիֆինգ տվեցի: Հինգշաբթի, ուրբաթ եւ շաբաթ հանդիպեցի մարդկանց հետ, տվեցի հարցազրույցներ, ելույթ ունեցա ուղիղ եթերում, շաբաթ ընդունեցի հարյուրավոր հյուրերի Սլոբոդայում:
Արդեն երրորդ օրն է ավարտվում, որ Մոսկվայում եմ եւ հայտնում եմ բոլորիդ, որ ՌԴ իրավապահ մարմինները իմ նկատմամբ ոչ մի ուշադրություն չեն դրսեւորել: Թեման համարում եմ սպառված եւ վերադառնում եմ Ղարաբաղ՝ կնոջս եւ երեխաներիս մոտ:
Ես շատ շահավետ առաջարկ ունեմ տպագիր եւ էլեկտրոնային լրատվամիջոցների հարգելի գլխավոր խմբագիրներին, որոնք հաղորդել էին, թե ես «թաքնվում եմ իրավապահ մարմիններից Ղարաբաղում», թե ինձ «15 տարվա ազատազրկում է սպառնում» եւ այլ ստեր, որտեղ ինձ ներկայացնում են հանցագործն ու քրեական տարր: Առաջարկում եմ ձեզ մաքրել ձեր պատիվը եւ վերականգնել իմ բարի անունը՝ հրապարակելով իմ այս հաղորդագրությունը:
Ինչ վերաբերում է Իսրայելի եւ Ադրբեջանի ներկայացուցիչներին, որոնք փորձում են իմ դեմ քրեական գործ հարուցել, ահա թե ինչ կասեմ ձեզ. «որքան ինձ համար կարեւոր էր Ռուսաստանի իրավապահ մարմինների կարծիքն իմ համեստ անձի մասին, նույնքան թքած ունեմ Իսրայելի ու Ադրբեջանի սադրիչների ջղաձգումների վրա, որոնք փորձում են օգտագործել իրավական մեխանիզմներ եւ թույլ չտալ իմ վերադարձը Լեռնային Ղարաբաղ:
Վերջ, ես մեկնում եմ իմ երեխաների մոտ, որոնք գտնվում են հնագույն հայկական քաղաք Շուշիում»:




























