Վրացական եւ ադրբեջանական լրատվամիջոցները համերաշխորեն տարածել են անհեթեթ, իրականությանը չհամապատասխանող տեղեկատվությունը, թե իբր Հայաստանի եւ Վրաստանի սահմանը «տեղափոխվել է»:

Սկզբնաղբյուրը, որը վկայակոչում է apsny.ge կայքը, «Ռուսթավի-2» հեռուստաալիքն է, որը հաղորդել է, որ «հայ սահմանապահները յուրացրել են 10-15 հեկտար»: Ապատեղեկատվությունը անմիջապես վերցրել են ադրբեջանական լրատվամիջոցները:

Սակայն այսօր նույն apsny.ge-ն հրապարակել է Վրաստանի սահմանապահ ոստիկանության հերքումը, որը նշում է, որ հայ սահմանապահների կողմից սահմանի տեղաշարժի մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

«Հուլիսի 18-ին լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունն այն մասին, որ հայ-վրացական պետական սահմանը տեղափոխվել է Մառնեուլիի մունիցիպալիտետի Տակազենդ գյուղ, չի համապատասխանում իրականությանը: Նշված գյուղից երկու կմ հեռավորության վրա գտնվում է Վրաստանի ՆԳՆ սահմանապահ ոստիկանության 3-րդ վարչության թիվ 5 սահմանապահ սեկտորը (Սադախլո), որը սահմանապահ ռեժիմ է իրականացնում նույն հատվածում, առանց սահամանգծի փոփոխությունների»,-ասված է Վրաստանի սահմանապահ ոստիկանության հայտարարությունում: