Գեղարքունիքի մարզի Ճամբարակից դեպի Սեւանի մայրուղի տանող ճանապարհին հուլիսի 18-ին դերասանուհի Անի Երանյանի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի դեպքով նյութեր են նախապատրաստվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին ժամը 18:30-ի սահմաններում դերասանուհի Անի Երանյանի եւ դատավոր Գագիկ Պողոսյանի մասնակցությամբ վթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Ճամբարակից դեպի Սեւանի մայրուղի տանող ճանապարհին: Դերասանուհին վնասվածքներով տեղափոխվել էր Սեւանի բժշկական կենտրոն, ապա Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հիվանդանոց էր տեղափոխվել նաեւ նրա մեքենայի ուղեւոր Հայկ Մխիթարյանը:

Ավտովթարի հետեւանքով տուժել էր նաեւ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատավոր Գագիկ Պողոսյանը, որը նույնպես տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն նրա մոտ որեւէ լուրջ վնասվածք նրա մոտ չէր հայտնաբերվել, հետազոտվելուց հետո դատավորը հեռացել էր: