Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հանձնարարել է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Այդ մասին նշվել է վարչապետի եւ «Արդարություն ու զարգացում» կուսակցության շրջանային ղեկավարների միջեւ տեղի ունեցած հեռախոսային բանակցություններում:
«Չնայած կոալիցիայի վերաբերյալ շարունակվող բանակցություններին, դուք պետք է ամեն վայրկյան պատրաստ լինեք արտահերթ ընտրությունների: Դուք պետք է միշտ կապ պահպանեք ձեր քաղաքների բնակիչների հետ», -վարչապետի խոսքն է մեջբերել TRT հեռուստաալիքը:
ԱԶԿ-ն հաղթել է հունիսի 7-ի ընտրություններում, բայց 2002թ-ից հետո առաջին անգամ կորցրել է խորհրդարանական մեծամասնությունը եւ չի կարող միայնակ կառավարություն ձեւավորել: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հուլիսի 9-ին Դավութօղլուին հանձնարարել է ձեւավորել կառավարություն:
Թուրք վարչապետն անցած երկուշաբթի սկսել է բանակցությունների առաջին փուլը խորհրդարանական երեք այլ կուսակցությունների հետ: Թուրքիայի խորհրդարանը կհաստատի նախարարների կաբինետը 45 օրվա ընթացքում: Եթե այդ ժամկետներում չստացվի կառավարություն ձեւավորել, ապա նախագահը կարձակի խորհրդարանը եւ արտահերթ ընտրություններ կնշանակի:





























