Բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ շրջանակներից դուրս բերելու Ադրբեջանի փորձերը հեռանկար չունեն: Այս մասին, այսօր՝ հուլիսի 20-ին, Երեւանում Եվրապական խորհրդի նախագահ Դոնալդ Տոսկի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա նշել է, որ Ռիգայում մայիսի 21-22-ին տեղի ունեցած «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովի մասնակիցները վերահաստատել են ԵՄ կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում իրենց լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին և 2009թ.-ից ի վեր այդ պետությունների ղեկավարների մակարդակով արված հայտարարություններին, ինչը ևս մեկ անգամ վկայում է լուծումն այլ հարթակներ տեղափոխելու ջանքերի անհեռանկար լինելու մասին:

«Որքան էլ Ադրբեջանը փորձի խեղաթյուրել այդ հիմնախնդրի էությունը, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտությամբ իր ապագան որոշելու իրավունքը վաղուց արդեն չի վիճարկվում, ավելին՝ այն ամրագրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների հայտարարություններում: Այդ գաղափարի համատեքստում մենք պատրաստ ենք առաջ ընթանալ ողջամիտ փոխզիջումների ճանապարհով»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը: