Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա Իրանի եւ Վեցնյակի միջեւ պատմական համաձայնության  հնարավոր ազդեցության մասին կարելի է խոսել միայն այն ժամանակ, երբ պարզ դառնա, թե ուր է տանում այդ համաձայնությունը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 20-ին, Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Նախ պետք է հստակ տեսնենք, թե դեպի ուր է տանում Վիեննայի համաձայնությունը։ Մեր ցանկությունն է, որ ամբողջ տարածաշրջանում լինի խաղաղություն, ժողովրդավարություն եւ բարեկեցություն, եւ դա վերաբերում է Հայաստանի բոլոր հարեւաններին»,– ասաց Ուորլիքը։

Հիշեցնենք, որ ըստ համաձայնագրի, Իրանը պարտավորվում է կտրուկ նվազեցնել ցածր հարստացված ուրանի պաշարները, ինչպես նաեւ վերակառուցել Ֆորդոուի ստորգետնյա հարստացուցիչ գործարանը եւ Արաքի ծանր ջրի ռեակտորը, որպեսզի բացառի ռազմական նպատակներով միջուկային նյութերի ստացումը:

Փոխարենը Եվրամիությունը կդադարեցնի նավթային էմբարգոն եւ բանկային պատժամիջոցները: Իրանին հասանելի կլինի նաեւ Swift էլեկտրոնային բանկային համակարգը: Առեւտրային եւ ֆինանսական պատժամիջոցները կդադարեցնի նաեւ ԱՄՆ-ն: