Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը հերքում է մամուլի տեղեկությունն այն մասին, թե ինքը կեղծ դիվանագիտական համարանիշեր է տրամադրել քրեական հեղինակություններին:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Անդրանիկ Մանուկյանը նշեց, որ հրապարակումն ընդհանրապես իրականությանը չի համապատասխանում:

«Ես, իհարկե, հուլիսի 13-ին հանդիպել եմ Ուկրաինայի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Նատալյա Գալիբարենկոյի հետ, որի հետ քննարկել ենք բացառապես դիվանագիտական հարցեր: Տեղեկությունը, թե կեղծ պետհամարանիշեր եմ տրամադրել քրեական հեղինակություններին, զրպարտանք է, իրականությանը չի համապատասխանում»,- ասաց դեսպանը:

Նա նշեց, որ դեսպանատունն այժմ իր տրամադրության տակ ունի 12 ավտոմեքենա, որը վարում են բացառապես դեսպանատան աշխատակիցները:

Նշենք, որ «Ժամանակ» թերթը հուլիսի 18-ին գրել էր, որ Անդրանիկ Մանուկյանի հետ հանդիպմանը Ուկրաինայի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Նատալյա Գալիբարենկոն լուրջ մտահոգություն է հայտնել Ուկրաինայում ՀՀ դեսպանատան կողմից տարիներ շարունակ տրամադրվող կեղծ պետհամարանիշերի առնչությամբ:

«Պարզվում է՝ դեսպանի պաշտոնում Ա. Մանուկյանի նշանակվելուց ի վեր, դեսպանատունը կեղծ դիվանագիտական համարանիշեր է տրամադրել քրեական հեղինակությունների, որոնք դիվանագիտական անձեռնմխելիությունից օգտվելով՝ տարբեր ապօրինություններ են թաքցրել կասկածելի բեռներ են տեղափոխել եւ գործարքներ ձեւակերպել»,- գրել է թերթը: