Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու նախապայմաններ չկան, քանի որ Ադրբեջանը պատրաստ չէ ոչ բանակցելու, ոչ էլ զիջումների գնալու: Այս մասին այսօր՝ հուլիսի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը պետք է ակտիվացնել:
«Հակամարտությունը պետք է լուծվի կամ բանակցությունների, կամ պատերազմի միջոցով, ինչին Ադրբեջանը պատրաստ չէ: Լուծման 3-րդ տարբերակն այն է, որ գերտերությունները պետք է գործընթաց սկսեն եւ ստիպեն կողմերին զիջումների գնալ, իսկ գերտերությունների համար դա շահեկան չէ: Հետեւաբար, այս 3 ձեւերն էլ չեն գործի Հայաստանի եւ Ղարաբաղի պարագայում՝ նախապայմաններ չստեղծելով հակամարտության լուծման համար»,- ասաց ՊՆ նախկին նախարարը:
Վաղարշակ Հարությունյանը կարծիք հայտնեց, որ Լավրովի հայտարարությունը նշանակում է, որ Ռուսաստանը ցանկանում է լուծել հակամարտությունը:
«Ռուսաստանն ուզում է՝ հակամարտությունը լուծվի, որովհետեւ իրենց դոկտրինայում գրված է, որ Ռուսաստանի սահմանին հարող հակամարտությունները սպառնալիք են իրենց երկրի համար: Ռուսաստանն ուզում է, որ իր խաղաղապահ ուժերը տեղակայվեն տարածաշրջանում, բայց Ադրբեջանին դա ձեռնտու չէ: Հայաստանը պետք է հայանպաստ լուծում տա հակամարտությանը»,-նշեց նա:
ՊՆ նախկին նախարարի խոսքով՝ Ադրբեջանը պատերազմ չի սկսի, քանի որ դա չի բխում եւ իր եւ գերտերությունների շահերից:
«Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, ռուսական բազա կա այստեղ: Մյուս կողմից` Ադրբեջանը պայմանագիր ունի Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ պետության հետ: Եթե սկսի պատերազմ ապա դա կբերի Ռուսաստան–ՆԱՏՕ–ՀԱՊԿ հակամարտության, իսկ դրանք միջուկային գերտերություններ են, որոնք խուսափում են հակամարտությունից»,- ասաց Հարությունյանը:





























