«Վերնիսաժի» գործով ավելի քան երկու ամսվա ընդմիջումից հետո հերթական դատական նիստն է նշանակվել, այն կկայանա օգոստոսի 3-ին: ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսա Գոռ Առաքելյանի փաստաբան Երեմ Սարգսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ստացվել են նշանակված դատահոգեբանական եւ դատահոգեբուժական համալիր փորձաքննության եզրակացությունը, սակայն այն դեռ կողմերին չեն ներկայացրել:

Եթե պարզվի, որ դեպքի ժամանակ Գոռ Առաքելյանը եղել է աֆեկտի ազդեցությամբ, ապա նրան սպառնացող պատիժը կմեղմանա: Փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո, եթե կողմերը նոր միջնորդություններ չներկայացնեն, ապա դատավարությունը մտնելու է ավարատական փուլ:  Հարցին, թե եթե չհիմնավորվի աֆեկտի վիճակը, ինչ պետք է անեք, Երեմ Սարգսյանը նշեց հետեւյալը. «Գոռ Առաքելյանին առաջադրված մեղադրանքը անհիմն է, առկա ապացույցների պարագայում սխալ գնահատական է տրված, անցորդների ուղղությամբ անզգույշ կրակոցները գնահատվել են դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառել, մինչդեռ դա անզգուշություն է եղել, ոչ թե դիտավորություն: Խնդիրներ կան նաեւ մյուս հոդվածների մասով, որոնց կանդրադառնամ արդեն իմ ճառում»,-ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում կրակոցներ էին հնչել «Վերնիսաժի» տարածքում։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Գոռ Առաքելյանը (ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան) Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ վեճի բռնվելով Վալերիկ Հովհաննիսյանի եւ Ներսես Մելքոնյանի հետ, փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել նրանց, ինչպես նաեւ անկանոն կրակ է բացել՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելով պատահական անցորդների։ Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ինչպես նաեւ երկու եւ ավելի անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար, իսկ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ավելի ուշ կալանավորվել են նաեւ Ներսես Մելքոնյանը եւ Վալերիկ Հովհաննիսյանը՝ խուլիգանության մեղադրանքով: Վերջին նիստը կայացել է հունիսի 1-ին, այն հետաձգվել էր անժամկետ, մինչեւ Գոռ Առաքելյանի նկատմամբ նշանակված համալիր դատահոգեբանական եւ դատահոգեբուժական փորձաքննության արդյունքները ստանալը: