Ադրբեջանի իշխանությունները չեն սահմանափակվում միայն ընդդիմադիր գործիչների կալանավորմամբ, հերթը հասել է նրանց հարազատներին:

Ինչպես հաղորդում է Turan գործակալությունը, նախօրեին երեկոյան Շամախում ձերբակալվել է Ռովշան Զահիդովը, ով «Ազադլիգ» թերթի գլխավոր խմբագիր Գանիմեթ Զահիդի եղբայրն է: Նույն օրը դատարանը կալանավորել է նրան 25 օրով:

Միաժամանակ, Բաքվում կալանավորվել է խմբագրի զարմիկը՝ Ռուֆաթ Զահիդովը, որին պահում են թմրամիջոցների դեմ պայքարի վարչությունում: Հոր խոսքով, ոստիկանությունը որդուն ձերբակալել է հենց իր աշխատավայրում: Դեռեւս անհայտ է, թե ինչում են նրան մեղադրում:

Դրանից մեկ օր առաջ Շամախի շրջանում 30 օրով կալանավորվել է խմբագրի մեկ այլ զարմիկ՝ Թուրալը՝ ոստիկանությանը դիմադրելու մեղադրանքով:

Ինքը՝ խմբագիրը, հայտարարել է, որ այդ կալանավորումները նպատակ ունեն ճնշում գործադրել իր վրա, որպեսզի ինքը դադարեցնի «Azərbaycan saatı»-ի հեռարձակումները: