Ամուսնու կողմից ծանր հրազենային վնասվածք ստացած ծննդկանը դեռ ռեաբիլիտացիայի կարիք ունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնի ղեկավար Ռազմիկ Աբրահամյանը:
Նա նշեց, որ կինը գտնվում է Նեյրովիրաբուժության բաժանմունքում, վիճակը բավարար է, բայց դեռ դուրս գրման ժամկետ չեն կարող նշել: «Դեռ գլխացավեր ունի, ռեաբիլիտացիա է անհրաժեշտ: Երեխան գտնվում է մեզ մոտ, վիճակը լավ է»,-ասաց բժիշկը:
Մեր տեղեկություններով՝ ծննդկանին արդեն մի քանի անգամ հարցաքննել են: Դեպքից հետո երկու ընտանիքների միջեւ խնդիրներ կան, հարաբերությունները շատ լարված են:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնում հունիսի 30-ին արտակարգ դեպք է գրանցվել: Ամուսինը եկել էր հիվանդանոց, կրակել ժամեր առաջ կեսարյան հատմամբ ծննդաբերած կնոջը, ապա ինքնասպան եղել:
Մեզ հաջողվեց պարզել, որ նրանք ապրում են Դավիթաշենում, կինը՝ 27-ամյա Միլենա Ա.-ն ծննդաբերել է 8 ամսականում: Ամուսինը՝ 33-ամյա Հայկ Վ.-ն գալով հիվանդանոց տեսել էր զոքանչին եւ հարազատներին այնտեղ, ապա նրանց ուղարկել էր բուլկի գնելու եւ կրակել կնոջ պարանոցին: Ամուսինը տեղում մահացել էր, կնոջը վիրահատել են, վիճակը օրեր շարունակ ծայրահեղ ծանր է, լույս աշխարհ եկած բալիկի մոտ եւս խնդիրներ կային:





























