Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին:
Հովիկ Աբրահամյանը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջեւ քաղաքական, տնտեսական եւ հումանիտար բնագավառներում առկա համագործակցությունից եւ կարեւորել դրանց հետագա խորացումն ու ամրապնդումը: Անդրադառնալով տնտեսական փոխգործակցությանը՝ կառավարության ղեկավարը նշել է, որ նախորդ տարվա համեմատ 2015 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի եւ Իտալիայի միջեւ արձանագրվել է առեւտրաշրջանառության ծավալների կրկնակի աճ: Վարչապետը կարեւորել է գործարար շրջանակների շփումների ակտիվացումը եւ շեշտել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է քննարկել փոխշահավետ յուրաքանաչյուր առաջարկություն: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ որպես ՀՀ վարչապետ՝ անելու է ամեն ինչ՝ Հայաստանի եւ Իտալիայի միջեւ տնտեսական հյարաբերությունների զարգացման եւ ամրապնդման համար:
Իր հերթին, Ջովաննի Ռիչուլլին ընդգծել է, որ իր երկիրը մեծապես կարեւորում է բարեկամ Հայաստանի հետ տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացումն ու ընդլայնումը: Խոսելով տնտեսական կապերի զարգացման մասին՝ դեսպանն ընդգծել է, որ իտալացի գործարարների շրջանում առկա է մեծ հետաքրքրություն հայաստանյան շուկայի նկատմամբ: Պարոն Ռիչուլլին նշել է, որ քայլեր կիրականացնի իտալացի գործարարներին ներկայացնելու ներդրումների համար Հայաստանի բարենպաստ բիզնես միջավայրը, միաժամանակ ընդգծել, որ ՀՀ-ի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը նոր հնարավորություններ է ստեղծում նաեւ իր երկրի ներդրողների համար:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:





























