Հայաստանի եւ Արցախի պաշտպանության նախարարությունները տիրապետում են շփման գծում տիրող իրավիճակին եւ պատրաստ են ցանկացած ագրեսիայի դեպքում հակահարված տալ հակառակորդին: Այս մասին այսօր՝ հուլիսի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը` անդրադառնալով շփման գծում վերջին օրերի լարվածությանը։
«Մեր երկու հանրապետությունների պաշտպանության նախարարությունները տիրապետում են իրավիճակին եւ ի զորու են ցանկացած ագրեսիայի դեպքում անմիջապես հակահարված հասցնել: Եթե անցած տարվա նման լարվածություն լինի, քաղաքական ուժերը եւ հասարակությունը պատրաստ են կանգնելու բանակի կողքին: Նույնիսկ պատկառելի տարիքի ազատամարտիկներն են պատրաստ գնալ եւ մեր երիտասարդների կողքին սահմանագծում կանգնել՝ դրանով օգնելով մեր երկու երկրների սահմանների պաշտպանությանը»,- ասաց պատգամավորը:
Սուքիաս Ավետիսյանը նշեց, որ սահմանին լարվածություն ստեղծողը միշտ էլ ադրբեջանական կողմն է եղել, ինչը, ըստ նրա, փաստագրվում է այն հանգամանքով, որ Բաքվում ընթացող Եվրոպական խաղերի ընթացքում զինադադարի խախտման գրեթե ոչ մի դեպք չի գրանցվել, այնինչ խաղերի ավարտից հետո Ադրբեջանը կրկին հրադադարի խախտումների է դիմել տարբեր զինատեսակներից:
Պատգամավորը, այնուամենայնիվ, ավելացրեց, որ սահմանին իրադրությունն այնքան էլ լարված չէ, որ նախորդ տարվա նման խորհրդարանում հատուկ լսումներ լինեն այդ թեմայով:
«Իհարկե, չէի ցանկանա, որ իրավիճակը հասնի այն սահմանին, որ մենք փորձենք լուրջ քննարկումներ սկսել այդ ուղղությամբ»,- ասաց պատգամավորը:





























