Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հուլիսի 21-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ գյուղդեպարտամենտի (USDA) քարտուղարի տեղակալ Մայքլ Սքուզի հետ: Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանում ԱՄՆ գյուղդեպարտամենտի աջակցությամբ իրականացվող ծրագրերն ու նախանշել առաջիկա համագործակցության հնարավոր ուղղությունները:

Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են հատկապես կենդանիների բրուցելյոզ հիվանդության դեմ պայքարի եւ դրա կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը: Այս համատեքստում հատուկ անդրադարձ է կատարվել բրուցելյոզի ազգային ծրագրի մշակման նախապատրաստական աշխատանքների, բրուցելյոզի ազգային վերահսկման եւ արձագանքման ռազմավարության մշակման, պատվաստումների  նպատակահարմարության, գյուղատնտեսական կենդանիների համարակալման եւ հաշվառման իրականացման  եւ  մի շարք այլ հարցեր:

«Հայաստանում այսօր արդիական է կենդանիների բրուցելյոզ հիվանդության դեմ պայքարի արդյունավետ միջոցների կիրառումը, եւ այս հարցում մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ գյուղդեպարտամենտի աջակցությունը եւ փորձի փոխանակման միջոցով համագործակցությունը հայ մասնագետների հետ», - նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:

Նախարարը ընդհանուր ուղղություններով ներկայացրել է նաեւ ՀՀ գյուղատնտեսության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները, ոլորտի աջակցությանն ուղղված պետական ծրագրերն ու դրանց արդյունքները:

Հանդիպմանը քննարկվել են նաեւ Հայաստանի գյուղատնտեսության բնագավառի տարբեր ճյուղերում USDA-ի օժանդակությամբ վերջին տարիներին իրականացվող համատեղ ծրագրերը, ինչպես նաեւ Գյուղդեպարտամենտի աջակցությամբ Հայաստանում հիմնադրված Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի (ATC) ու Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն հիմնադրամի (CARD) գործունեությունը:  

Անդրադարձ է եղել նաեւ գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի մասնավոր խորհրդատվական  համակարգի զարգացման անհրաժեշտության հարցին:

Զրույցի ավարտին կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը ընդլայնել Հայաստանում իրականացվող ծրագրերի շրջանակը` ելնելով ոլորտի առաջնահերթություններից: