ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը «հրաշալի» հարաբերություններ ունի կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Նաիրա Զոհրաբյանը, որը հուլիսի 21-ին Նոր Հաճնում մասնակցում էր Գագիկ Ծառուկյանի ֆինանսավորմամբ կառուցված եկեղեցու բացման արարողությանը:

«Հրաշալի հարաբերություններ ունենք, կասկածնե՞ր ունեք»,- ասաց կուսակցության առաջնորդը:

Հարցին, թե հնարավոր է Ծառուկյանը նորից քաղաքականություն վերադառնա, Զոհրաբյանը արձագանքեց. «Երբ որ նա նման հայտարարություն անի, այդ ժամանակ կխոսենք»:

Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը 2015թ. փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել էր, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ Նա խոստացել էր, որ գործընթաց է սկսվելու Ծառուկյանի՝ ԱԺ նիստերից պարբերաբար բացակայելու կապակցությամբ։ Մեկ օր անց Ծառուկյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ իրենք գնում են իշխանափոխության: Սակայն փետրվարի 17-ին տեղի ունեցած Սարգսյան-Ծառուկյան հանդիպումից հետո ԲՀԿ առաջնորդը նորից հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ հանրահավաքը չեղյալ է համարվում: Մարտի 5-ին Ծառուկյանը հեռացավ ակտիվ քաղաքականությունից, իսկ ԲՀԿ առաջնորդ ընտրվեց Նաիրա Զոհրաբյանը։