«Ոտքի, Հայաստան» քաղաքացիական շարժումը հուլիսի 27-ին Հանրապետության հրապարակում նստացույց է սկսելու՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը չեղարկելու պահանջով: Այս մասին տեղեկանում ենք շարժման խորհրդի տարածած հայտարարությունից:

«Խորհուրդն ի գիտություն է ընդունել ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի հայտարարությունը, որից բխում է, որ ոստիկանությունն այսուհետ զերծ կմնա հավաքների ազատության իրավունքը անօրեն սահմանափակելու գործողություններից:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ սույն թվականի հուլիսի 27-ին «Հավաքների ազատության մասին» օրենքի 24-րդ հոդվածի դրույթների համապատասխան, Երեւան քաղաքի «Հանրապետության» հրապարակի կենտրոնում, ժամը 18:00-ին մեկնարկելու է նստացույց՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը չեղարկելու պահանջով»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին «Ոտքի, Հայաստան» շարժման անդամները բաց քննարկման էին հրավիրել ոստիկանությանը՝ քննարկելու հավաքների ազատության հետ կապված հարցերը:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն էլ հաջորդ օրը հայտարարել էր, որ ոստիկանությունն օրենսդրությամբ իր գործառույթներն է իրականացրել եւ իրականացնելու, հետեւաբար քննարկման անհրաժեշտություն չկա: