Արագածոտնի մարզի Արտենի համայնքում դեռ չեն փոխհատուցել մայիսի 15-ին տեղացած կարկուտի հասցրած վնասները: Այս մասին այսօր` հուլիսի 25-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արտենիի գյուղապետ Գեղամ Խլղաթյանը:
«Որպես փոխհատուցում, հակակարկտային կայաններ պետք է տեղադրեին, սակայն մինչեւ հիմա նորություն չկա: Մեզ կառավարությունում միայն ասել են, որ ներկայացրել են մեր վնասները, սակայն երբ կփոխհատուցեն` դեռ պարզ չէ: Առաջարկել էինք նաեւ, որ գյուղացիները մի քանի անգամ անվճար ոռոգեն այգիները, սակայն այդ առաջարկը մերժվել է»,-ասաց գյուղապետը:
Գեղամ Խլղաթյանը նշեց, որ գյուղացիները այս տարի շատ քիչ քանակությամբ ծիրան են իրացրել, եղածն էլ 150-200 դրամով:
«Գյուղացիներն այս տարի տուժել են, որովհետեւ բոլորն էլ վարկերով էին այգիները մշակել, սպասում էին բերքին, որ վարկերը փակեին, այն էլ ոչ մի օգուտ չստացան»,-ասաց գյուղապետը:
Նշենք, որ մայիսի 15-ի տեղացած կարկուտից 60-80 տոկոսով վնասվել էր համայնքի ծիրանենու 160 հա այգիները, 40-60 տոկոսով խաղողի 25 հա այգիներ, իսկ խնձորենին եւ սալորենին շատ չի վնասվել, քանի որ պտուղը փոքր է եղել:





























