Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեային, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Վարչապետը բարձր է գնահատել պարոն Հրիստեայի գործունեությունը Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման գործում եւ շնորհակալություն հայտնել դեսպանին՝ ակտիվ եւ արդյունավետ համագործակցության համար: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակելու Եվրոպական միության հետ բազմակողմ համագործակցությունը եւ շնորհակալություն հայտնել եվրոպական կողմին՝ ՀՀ-ում ժողովրդավարական արժեքների ամրապնդման, տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացման, քաղաքացիական հասարակության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության եւ այլ ուղղություններով ցուցաբերած օժանդակության համար:
Իր հերթին, Տրայան Հրիստեան եւս շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին՝ սերտ համագործակցության եւ մի շարք հարցերում ցուցաբերած աջակցության համար: Դեսպանը նշել է, որ վերջին տարիների ընթացքում ԵՄ-Հայաստան քաղաքական երկխոսությունն ակտիվ զարգացում է ապրել եւ ընդգծել, որ այդ գործում մեծ ներդրում է ունեցել նաեւ Հովիկ Աբրահամյանը՝ եւ՛ Ազգային ժողովի նախագահի, եւ՛ վարչապետի պաշտոններում: Միաժամանակ, Տրայան Հրիստեան շեշտել է, որ ԵՄ-ն այսուհետ եւս պատրաստ է զարգացնել Հայաստանի հետ քաղաքական երկխոսությունը, մնալ Հայաստանում բարեփոխումների իրականացման հիմնական սատարողներից մեկը, ինչպես նաեւ մեր երկրին ցուցաբերել բյուջետային աջակցություն՝ մի շարք ծրագրեր կյանքի կոչելու համար: Պարոն Հրիստեան տեղեկացրել է, որ վարչապետ Աբրահամյանի հետ վերջերս տեղի ունեցած հանդիպումից հետո ԵՄ ընդլայնման եւ հարեւանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը հանձնարարել է արագացնել փաստաթղթային բոլոր գործընթացները՝ ՀՀ-ում հետագա բարեփոխումներն առաջ մղելու համար:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին առնչվող օրակարգային մի շարք հարցեր:
Հովիկ Աբրահամյանը Տրայան Հրիստեային մաղթել է հաջողություններ աշխատանքային հետագա գործունեության մեջ եւ անձնական կյանքում:





























