Ստամբուլում կալանավորվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության «Ստամբուլի ղեկավար» համարվող ադրբեջանցի Աբդուլլահ Աբդուլլաեւը: Այս մասին հայտնում է թուրքական Radikal օրաթերթը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ստամբուլում Թուրքիայի ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանման կողմից հուլիսի 27-ին իրականացված  լայնամասշտաբ գործողության ժամանակ բերման է ենթարկվել 15 քաղաքացի, որոնք այնուհետեւ տեղափոխվել են դատարան: Կասկածյալներից 5-ը կալանավորվել է, իսկ 10-ն էլ ազատ է արձակվել:

Կալանավորվածների մեջ է նաեւ ադրբեջանցի Աբդուլլահ Աբդուլլաեւը, որն իրեն ներկայացնում է ԻՊ կազմակերպության «Ստամբուլի ղեկավար»:

Նշենք, որ Թուրքիայում իրավիճակը սրվել է Սուրուչում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որը կազմակերպել էր «Իսլամական պետություն» խմբավորումը, նաեւ հարավ-արեւելյան նահանգներում ոստիկանների սպանությունները, որի պատասխանատվությունն իր վրա է վերցրել PKK-ն:

Ստամբուլի ոստիկանության վարչությունը քաղաքի հաստատություններին եւ ձեռնարկություններին նախազգուշական նամակ է հղել՝ տեղեկացնելով մոտ ժամանակներս ահաբեկչությունների հնարավոր վտանգի մասին: