«Նաիրիտ» գործարանի նախկին եւ ներկա մի քանի տասնյակ աշխատակիցներ այսօր՝ հուլիսի 30-ին, իրազեկման երթ են անցկացնում Հանրապետության հրապակին հարակից փողոցներում: Իրազեկման երթով նրանք տեղեկացնում են քաղաքացիներին, որ Կառավարությունն իրեն խաբել է եւ չի փոխանցել աշխատավարձերը:
NEWS.am-ի հետ զրույցում գործարանի մամուլի նախկին քարտուղար Անուշ Հարությունյանն ասաց, որ իրազեկման երթից հետո, իրենք կրկին հավաքվելու են Կառավարության շենքի դիմաց:
«Մնալու ենք Կառավարության շենքի դիմաց մինչեւ, որ մեր գումարները ստանանք: Այստեղից ոչ մի տեղ չենք գնալու»,-ասաց նա:
Նշենք, որ նաիրիտցիների իրազեկման երթը հսկում են մոտ 2 տասնյակ ոստիկաններ: Երթի մասնակիցները վանկարկում են «Վարչապետ, սուտասան», «Պարտքի մարում», «Ամոթ»:
Գործարանի աշխատակիցները նշեցին, որ մինչեւ հիմա փոխանցվել է մոտ 700 աշխատակցի աշխատավարձ: Կառավարությունը դեռ պետք է փոխանցի 1200 հոգու աշխատավարձ:
Հիշեցնենք, որ «Նաիրիտի» աշխատակիցների աշխատավարձի գծով պարտքը կազմում է 5,3 մլրդ դրամ: Նաիրիտցիները բազմիցս բողոքի ակցիաներ են կազմակերպել կառավարության ու նախագահի նստավայրի մոտ՝ պահանջելով լուծում տալ իրենց խնդրին: Ձեռնարկությունը կանգնած է 2010 թվականի ապրիլից:
Ձեռնարկության աշխատակիցների խոսքով, իրենց խոստացել են վճարել աշխատավարձը միայն այն դեպքում, եթե նրանք հրաժարվեն ձգձգումների պատճառով առաջացած տուգանքներից: Աշխատավարձը կհատկացնի պետությունը՝ էներգետիկայի ոլորտի պետական ընկերությունների շահույթի հաշվին:





























