Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 1-ին, ժամը 07.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սեւան քաղաքի «Աղաբեկ» կոչվող ռեստորանի մոտակայքում մեքենան շրջվել է, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «ԶԻԼ» մակնիշի (շարժական գազալցակայան) 13 LU 397 համարանիշի ավտոմեքենան (վարորդ Ս. Գ.) Մ-4 ավտոճանապարհի Երեւան-Իջեւան 62-րդ կմ-ին դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել:

Բեռնատարը բարձված է եղել գազի լիցքավորման բալոններով եւ, բարեբախտաբար, պայթյուն տեղի չի ունեցել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի պատճառը եղել է այդ պահին ճանապարհով անցնող 20-ից ավելի խոշոր եղջերավոր անասունները և եթե վարորդը ճիշտ չկողմորոշվեր` հնարավոր է, որ բախվեր կովերին եւ հարվածեր մի քանի ավտոմեքենաների: