Հուլիսի 31-ին, ժամը 16.52-ին, ոստիկանության Բազումի բաժնի ՔՀԲ օ/լ, ոստիկանության ավագ լեյտենանտ Արման Ֆնդկյանից Բազումի բաժին հաղորդում է ստացվել, որ իրեն է զանգահարել Ուսանողական փողոցի  4-րդ շենքի բնակչուհի Լ. Պ.-ն եւ հայտնել, որ հարեւանը` նախկինում 6 անգամ դատապարտված 31-ամյա Վլադիմիր Գ.-ն, ով հաշվառված է Լոռու մարզի հոգենյարդաբուժական դիսպանսերում «անձի եւ վարքի օրգանական խանգարում կոնգիտիվ անբավարարությամբ» ախտորոշմամբ, մտել է իրենց հարեւանի բնակարան, անչափահաս երեխաների առջեւ կտրում է թեւերը եւ սպառնում նրանց, միաժամանակ Ա. Ֆնդկյանը հայտնել է, որ ինքը մեկնում է դեպքի վայր եւ խնդրում է օպերատիվ խումբ ուղարկել:

Ա. Ֆնդկյանին դեպքի վայրում Լ. Պ.-ն հայտնել է, որ թեւերը վնասելուց հետո Վլադիմիր Գ.-ն գնացել է իրենց տուն` հետը տանելով դանակը:

Վլադիմիր Գ.-ի եւ վերջինիս մոր` 57-ամյա Նելլի Գ.-ի թույլտվությամբ Արման Ֆնդկյանը ներս է մտել նրանց բնակարան, որտեղ տանտերերը նրա հետեւից երկաթյա ձողով փակել են դուռը, Վլադիմիր Գ.-ն հարձակվել է Ա. Ֆնդկյանի վրա` փորձելով տիրանալ նրա զենքին, մյուս ձեռքը մեկնել է դեպի դանակը` մորից պահանջելով հարվածի Ա. Ֆնդկյանին:  Այդ պահին Նելլի Գ.-ն աթոռով հարվածել է Ա. Ֆնդկյանի գլխին եւ մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ա. Ֆնդկյանը, ընկնելով հատակին, փորձել է կանխել նրանց կողմից իր զենքին տիրանալու փորձը, իր մոտ գտնվող հաշվեցուցակային ատրճանակով 2 անգամ նախազգուշական կրակոցներ է արձակել տան հատակին, սակայն նրանք շարունակել են բռնություն գործադրել նրա նկատմամբ:

Ա.Ֆնդկյանի կողմից արձակված երրորդ կրակոցը դիպել է Վլադիմիր Գ.-ի ոտքին:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը փորձել է բանակցությունների միջոցով Վլադիմիր Գ.-ին եւ Նելլի Գ.-ին համոզել, որպեսզի բացեն տան դուռը, սակայն վերջիններս չեն արձագանքել նրանց հորդորներին: Ներսից լսելով Վլադիմիր Գ.-ի սպառնալիքները` ուղղված Ա.Ֆնդկյանին, որ կսպանի վերջինիս, օպերատիվ խմբի անդամները փորձել են ջարդելով բացել մուտքի դուռը, սակայն Նելլի Գ.-ն, հասկանալով, որ այլ ելք չկա, բացել է դուռը:

Նելլի Գ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Բազումի բաժին, իսկ Արման Ֆնդկյանը եւ Վլադիմիր Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Նշանակվել են դատաբժշկական եւ դատաձգաբանական փորձաքննություններ:

Վլադիմիր Գ.-ն եւ Նելլի Գ.-ն ձերբակալված են:

Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի կողմից նշանակվել է ծառայողական քննություն:

Կատարվում է քննություն:

Արտակարգ դեպք Վանաձորում. մայր եւ որդի հարվածել են ոստիկանի գլխին, փորձել խլել զենքը