Կարող ենք անցնել Սահմանադրության նախագծի մարդու իրավունքները եւ ազատությունները սահմանող հոդվածներով եւ ես ցույց կտամ, որ գործող սահմանադրության համեմատությամբ գրեթե ամեն հոդվածում ունենք հետընթաց: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  «Սարգսյան իրավաբանական խումբ» իրավաբանական միավորման ղեկավար Տիգրան Սարգսյանը:  Նրա հետ այս անգամ զրուցել ենք մարդու հիմնական իրավունքների ու ազատությունների սահմանադրական կարգավորման խնդիրների, դատական համակարգում սպասվող փոփոխությունների մասին:

Պարոն Սարգսյան, սահմանադրական փոփոխությունների պահանջը պետք է հասարակությունից  բխի, թե իշխանությունից: Ի՞նչ կասեք այս հարցի կապակցությամբ:

Այս հարցի պատասխանը ունենալու համար նախ հասկանանք որն է սահմանադրության էությունը: Սահմանադրության էությունը պետական իշխանության համար սահման դնելն է, որից այն կողմ իշխանության տարածումն արգելվում է: Իշխանության բնույթն այնպիսին է, որ այն անընդհատ ձգտում է տարածվել, սա հատուկ է ցանկացաց հասարակությունում ցանկացած իշխանության: Սահմանադրական փոփոխություններով կարող են փոխվել իշխանության սահմանները, այսինքն՝ այն կարող է առավել տարածվել՝ սահմանափակելով մարդու ազատությունները եւ իրավունքները, կամ հակառակը՝ պետական իշխանությունը կարող է սահմանափակվել՝ հօգուտ մարդու իրավունքների ու ազատությունների ընդլայնման:

Եթե սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունը գալիս է պետական իշխանությունը կրողներից, ապա, վստահ եղեք, այն հետապնդում է մարդու իրավունքների եւ ազատությունների սահմանափակման հաշվին պետական իշխանությունը ընդարձակելու նպատակ: Եվ հակառակը, հասարակական պահանջով սահմանադրական փոփոխությունները միտված են լինում մարդու եւ քաղաքացու իրավունքների ընդլայնմանը: Ասածս ապացուցվում է մարդկության պատմությամբ: Բոլոր իրավունքները նվաճվել են: Չկա իրավունք, որը պետական իշխանությունը կրողների կողմից հենց այնպես առանց հասարակական պայքարի ճանաչվել է:

Կարո՞ղ եք որեւէ օրինակ բերել, կոնկրետ այս փոփոխություններով ինչպիսի՞ իրավունք է սահմանափակվում:  

Դրանք բազմաթիվ են: Բերեմ մի քանի օրինակ: Գործող սահմանադրությամբ ՀՀ նախագահին ընտրում է ժողովուրդը, նախագծի համաձայն՝ նախագահին կընտրեն ընտրիչները: Այստեղ մարդու իրավունքի սահմանափակումն ակնհայտ է: Սահմանափակվել է քաղաքացու պետական կառավարմանը մասնակցելու իրավունքը՝ ընտրելու իրավունքը, որը հիմնարար իրավունք է: Անցնենք առաջ: Մեծամասնական ընտրակարգի պայմաններում մեզանից յուրաքանչյուրը կարող էր առաջադրվել որպես Ազգային ժողովի պատգամավոր, նախագծով այս հնարավորությունը վերացվում է: Սահմանադրական մակարդակով նախատեսվում է անձին կյանքից զրկելու հնարավորություն՝ առանց սահմանելու դրա հիմքերն ու պայմանները: Սա միանշանակ հետընթաց է գործող սահմանադրության համեմատությամբ: Կարող եմ նաեւ որպես օրինակ բերել անձի անձեռնմխելության իրավունքի սահմանափակումը: Ինքներդ համեմատեք գործող սահմանադրության 16-րդ հոդվածը նախագծի 24-րդ հոդվածի հետ: Տարբերությունները նկատելու համար իրավաբան լինելը պարտադիչ չէ: Կարող ենք անցնել նախագծի մարդու իրավունքները եւ ազատությունները սահմանող հոդվածներով եւ ես ցույց կտամ, որ գործող սահմանադրության համեմատությամբ գրեթե ամեն հոդվածում ունենք հետընթաց:

Պարոն Սարգսյան, շատ է խոսվում կյանքի իրավունքից զրկելու պետության հնարավորության մասին: Ի՞նչ է սա: Իրո՞ք նման բան կա:

Սահմանադրական փոփոխությունների նախագծի հոդված 23-ի 2-րդ մասի համաձայն՝ կյանքից զրկելը չի համարվում կյանքի իրավունքի խախտում, եթե այն հետեւանք է այնպիսի ուժի գործադրման, որը բացարձակապես անհրաժեշտ է: Այնպիսի տպավորություն է, որ նախագծի հեղինակները իրենց աշխատանքին լուրջ չեն մոտեցել: Ցանկացած իրավաբան լավ գիտի, որ կյանքի իրավունքը մեծագույն արժեք է եւ այն պետք է պաշտպանված լինի: Սահմանադրությունները պետք է հռչակեն կյանքի իրավունքը որպես բարձրագույն արժեք:  Եթե հարկ են համարում սահմանադրական մակարդակով մարդուն կյանքից զրկելու հարց բարձրացնել, ապա բարի լինեն սպառիչ թվարկել հիմքերը եւ պայմանները: Ի՞նչ է նշանակում բացարձակապես անհրաժեշտ է, ո՞վ է գնահատելու անհրաժեշտության բացարձակապեսությունը:  Եթե սպառիչ սահմանված չեն կյանքից զրկելու հիմքերն ու պայմանները, եւ դրանք թողնված է իրավակիրառողի մեկնաբանությանն ու հայեցողությանը, ապա մենք գործ ունենք աննորմալության հետ:

Պարոն Սարգսյան, ի՞նչ անել, եթե իշխանությունները ներկայացրել են սահմանադրական փոփոխությունների նախագիծ, որը սահմանափակում է մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները:

Կարծում եմ, հասարակությունը օգտվելով ստեղծված իրավիճակից, պետք է ներկայացնի իր նախագիծը: Թող տեսնեն, որ սահմանադրական փոփոխությունների պահանջը կարող է նաեւ ներքեւից գալ: Հասարակությունը իր ներկայացրած նախագծով պիտի որակական նոր մակարդակի պետական կառավարման մոդել առաջարկի ու այս հարցում խիստ անհրաժեշտ է անկախ իրավագետների աջակցությունը:

Որքանո՞վ են կարեւորվում դատական համակարգում նախատեսվող փոփոխությունները եւ ի՞նչ կտա այն մեր հասարակությանը:

Սահմանադրությամբ ամրագրված ամենաբարձր արժեքներն անգամ ոչինչ են, եթե մենք չունենք արդարադատություն: Ցանկացած դատական համակարգ չէ, որ ունակ է ապահովել արդարադատության իրականացումը: Սահմանադրական փոփոխությունների նախագծով փորձ է արվում դատական համակարգի բարեփոխման իմիտացիա անել:

Ի՞նչ իմիտացիայի մասին է խոսքը: Չկա՞ որեւէ էական փոփոխություն:

Չնայած դատական համակարգում առկա խորը ճգնաժամին՝ նախագծով ոչինչ չի արվել իրականությունը փոխելու համար : Արդյունքում, փոխվել են միայն դատական որոշ ինստիտուտների անվանումները՝ նույնը թողնելով դրանց կազմավորման կարգը, գործունեության եղանակը եւ լիազորությունների ծավալը : Կարծում եմ՝ սա ազնիվ մոտեցում չէ: Անթույլատրելի է դատավորի նշանակումը քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի կողմից: Այս դիտողությունը պարբերաբար անում է նաեւ Վենետիկի հանձնաժաղովը:

Վերջին ժամանակներս շատ ակտիվ քննարկվում էր երկատյան դատական համակարգ ունենալու հարցը: Քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց ընդդիմանում էին դատական համակարգի ներկայացուցիչները՝ պնդելով, որ երկատյան դատական համակարգն անարդյունավետ կլինի : Ո՞րն էր այս հակամարտության էությունը, ինչո՞ւ սահմանադրական փոփոխություններով չնախատեսվեց դատական համակարգի նոր մոդել:

Կարծում եմ՝ սա էլ դատական համակարգի բարեփոխումների իմիտացիայի ձեւ է:  Մի կողմից գիտակցում են, որ հասարակությունը չի վստահում դատական համակարգին եւ փոփոխությունների պահանջ կա, մյուս կողմից էլ չեն ուզում գնալ փոփոխությունների, քանի որ դատավորի ներկայիս կախյալ եւ անպաշտպան վիճակը ձեռնտու է քաղաքական իշխանությանը: 

Ինչպե՞ս կարելի է նվաճել անկախ, անկողմնակալ եւ պրոֆեսիոնալ դատական համակարգ ունենալու իրավունքը:

Սա միայն սահմանադրական կամ օրենսդրական լուծում պահանջող հարց չէ: Առաջին հերթին անհրաժեշտ է իրավունքների համար փաստաբանների միջոցով դատական ատյաններում ակտիվ պայքարող քաղաքացիներ ունենալ: Երբ քաղաքացին փաստաբանի օգնությամբ իրավունքի դաշտում կհաղթի ոչ պրոֆեսիոնալ դատավորին, քաղաքական իշխանությունը դատական համակարգի համար բարեփոխման հրահանգ կիջեցնի:  Դատական համակարգում առկա բազմաթիվ խնդիրների լուծման միակ ուղին ապօրինի դատական ակտերի համատարած բողոքարկումն է Եվրոպական դատարան: 

Զրուցեց՝ Ինգա Մարտինյանը