Շվեյցարիայի իշխանությունները Ցյուրիխի օդանավակայանում Չինաստանի երեք քաղաքացուց առգրավել են  262 կգ փղոսկր՝ 413 հազար դոլար ընդհանուր արժողությամբ։  Դրա մասին հայտնել է Associated Press տեղեկատվական գործակալությունը։

Նրա տվյալների համաձայն, անօրինական բեռն առգրավվել է հուլիսի 6-ին՝ պլանային ստուգման ընթացքում։ Չինացիների մոտ, որոնք Տանզանիայից էին վերադառնում, գտել են նաեւ մեկ կիլոգրամ ընդհանուր կշռով առյուծի ժանիքներ եւ ճանկեր, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Վերջին հինգ տարվա ընթացքում Տանզանիայում փղերի գլխաքանակը աղետալի կերպով նվազում է՝ 2009-ին 110 հազար գլխից մինչեւ 43 հազար՝  2014-ին։ Գլխավոր պատճառը որսագողությունն է։ Սպանված կենդանիների ժանիքները հիմնականում ուղարկվում են Չինաստան եւ Վիետնամ։ 1989 թվին փղոսկրի միջազգային առեւտուրն արգելվել է, բայց 2008-ին ՉԺՀ-ի համար որոշ զիջումներ են արվել եւ թույլ են տրվել միանգամյա գնումներ։ Հենց այդ սողանցքն էլ օգտագործում են անօրինական առեւտրականները։