ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ օգոստոսի 4-ին, գումարել է հերթական նիստ, որի ընթացքում էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացվել է 2015 թվականի սեպտեմբերի 13-ին թվով 22 համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջեւ:

Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետեւյալ համամասնությամբ`

Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 14-ական,

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 9-ական,

Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 2-ական,

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)` 2-ական,

«Օրինաց Երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 2-ական,

«Ժառանգություն» կուսակցություն (ԺԿ)` 2-ական:

Նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչել ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի 2005 թվականի հոկտեմբերի 26-ի «Հանրաքվեի քվեաթերթիկի ձեւը եւ շարադրանքը սահմանելու մասին» N 2-Ն որոշումը:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա նիստին մասնակցել է նաեւ հանձնաժողովի նորանշանակ անդամ Սեյրան Շահսուվարյանը:

ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն` կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Սեյրան Շահսուվարյանն իր մասնակցած առաջին նիստում հրապարակայնորեն  ընթերցել եւ ստորագրել է «Ընտրական հանձնաժողովների անդամի պարտականությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան իրականացնելու մասին» պարտավորության տեքստը: