NEWS.am-ի անդրադարձի շնորհիվ Նորքի տուն-ինտերնատի 65-ամյա բնակչուհի Նանուլ Կարախանյանի երազանքը իրականացել է: Նա նյութի հրապարակումից երկու օր անց ստացել է իր երազած՝ լավ լուսանկարահանող բջջային հեռախոսը:
NEWS.am-ի հետ զրույցում տիկին Նանուլը պատմեց, որ հեռախոսն իրեն նվիրել է երգչուհի Քրիստինե Պեպելյանը:
«Նկարահանման հաջորդ օրը Քրիստինեն նամակ էր ուղարկել, գրել էր, որ տեսնելուց անմիջապես հետո գնել է հեռախոսը, այն մեկ-երկու օրից կլինի ինձ մոտ: Ես նամակը դեռ չէի էլ կարդացել, երբ մեկ օր անց երկու երիտասարդ եկան կենտրոն ու ասացին՝ Քրիստինե Պեպելյանը ձեզ հեռախոս է ուղարկել: Այնքան հուզված էի, որ մինչեւ հիմա խելքս գլուխս չի գալիս, տեղս չեմ գտնում»,- պատմեց նա:
Տիկին Նանուլը սենսորային էկրանով իր նոր բջջային հեռախոսը տուփից դեռ չի հանել. սպասում է՝ հմուտ մեկը սովորեցնի դրանից օգտվելու ձեւը:
Հիշեցնենք, որ տիկին Նանուլը անձնական նոթբուք ունի, որը գնել է սեփական եւ ընկերների միջոցներով։ Նա գրանցված է «Ֆեյսբուք» սոցիալական կայքում, որտեղ իր տարիքին անսովոր ակտիվություն է ցուցաբերում: Ի դեպ, NEWS.am–ի անդրադարձից հետո կտրուկ ավելացել է տիկին Նանուլի ֆեյսբուքյան ընկերների թիվը։
Տիկին Նանուլը տուն-ինտերնատում է բնակվում ամուսնու՝ 69-ամյա Խորենի հետ:



























