ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ իր կարծիքով ԱՄՆ-ը հաղթել է ԽՍՀՄ-ի դեմ սառը պատերազմում սպառազինությունների վերահսկման մասին համաձայնագրերի շնորհիվ։

«Ոչ բոլոր հակամարտությունները հնարավոր եղավ կանխել, սակայն աշխարհը խուսափեց միջուկային աղետից, եւ մենք ժամանակ ու տարածություն ստացանք սառը պատերազմը հաղթելու համար՝ ոչ մի անգամ չկրակելով խորհրդային զինվորների վրա»,- հայտարարել է Օբգաման Վաշինգթոնի Ամերիկյան համալսարանում իր ելույթի ժամանակ։

Նա մանրամասն անդրադարձել է 52 տարի առաջ նույն համալսարանում ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի արտասանած ճառին, որով Քենեդին պատերազմի մշտական նախապատրաստության փոխարեն գործնական եւ հասանելի խաղաղություն էր առաջարկում՝ հիմնված կոնկրետ գործողությունների եւ համաձայնագրերի վրա։ Այդ համաձայնություններից մեկն, ըստ Օբամայի, «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին» համաձայնագիրն էր, որը կնքվել էր 1991թ., փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Սառը պատերազմը ԽՍՀՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին ծագած աշխարհաքաղաքական հակամարտությունն էր, որն ավարտվեց 1991թ. Վարշավայի պակտի կազմալուծմամբ եւ ԽՍՀՄ փլուզումամբ։