Ստամբուլահայ Մարիցա Քյուչուքի սպանության մեղադրանքով կալանավորված Մուրադ Նազարյանն ի վերջո փաստաբան Էրեն Քեսքինին պատմել է այսքան ժամանակ անհայտ դրվագներ։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Մարիցա Քյուչուքի սպանության մեջ մեղադրվող Մուրադ Նազարյանն իրեն տեսակցության եկած ընտանիքի անդամներին եւ փաստաբան Էրեն Քեսքինին վերջապես պատմել է սպանության օրը տեղի ունեցած իրադարձությունները։
Նազարյանը նշել է, որ հանդիպել է Ա. անունով մի տղամարդու, ով ինչ-որ սրճարան է աշխատեցնում։ Նա սպանության օրը Մուրադ Նազարյանին առաջարկել է հանդիպել այգում։
Մուրադ Նազարյանը գնացել է այգի, որտեղ նշված ժամին մոտեցել է ջրեր առաքող մի մեքենա, որտեղից 3 հոգի նրան կանչել են անուն-ազգանունով։ Նազարյանը, վախեցել է՝ մտածելով, որ նրանք ոստիկան են: Նա նրանց հետ նստել է մեքենա, որտեղ անծանոթները նրան ինչ-որ հաբ են խմեցրել։
Այնուհետեւ Նազարյանին տարել են Մարիցա Քյուչուքի շենքի մոտ եւ ասել, որ պետք է ներս մտնի կոնկրետ բնակարանը։ Իսկ 3 հոգին շենքի հետեւի մասից են ներս մտել։
Երբ Նազարյանը մտել է ներս, անծանոթները հարձակվել տարեց կնոջ վրա, որից հետո Նազարյանն արտասվելով փախել է։
Նշենք, որ 2012-ի դեկտեմբերին եւ 2013-ի հունվարին Ստամբուլի հայերով բնակեցված Սամաթիա թաղամասում տարեց հայ կանանց դեմ հարձակումներ էին տեղի ունեցել։ Այդ հարձակումների կատարման մեջ կասկածանքով ձերբակալվել է ստամբուլահայ Մուրադ Նազարյանը։
Մուրադ Նազարյանին ճանաչողները պնդում են, թե նա շատ հանգիստ անձնավորություն էր եւ անհավատալի է, որ նրան նման բանում են մեղադրում։





























