Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է Սահմանադրության նոր նախագծի մի շարք դրույթներին:

Պարոն Ավետիսյան, ինչպե՞ս եք գնահատում Սահմանադրության նոր նախագծով ամրագրված երկփուլ ընտրությունների մասին դրույթը, որը Վենետիկի հանձնաժողովն առաջարկել է հանել:

Վենետիկի հանձնաժողովն առաջարկում է այն տեղափոխել Ընտրական օրենսգիրք: Բայց համենայն դեպս, այս դրույթը կարեւոր է ըստ իս, քանի որ երբ ուսումնասիրում ենք նամատիպ կառավարման համակարգ ունեցող երկրների փորձը, եթե պարզ մեծամասնություն չի ձեւավորվում, ապա շատ ու շատ երկրների մոտ կառավարական ճգնաժամեր են առաջանում:

Այդ պատճառով Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը նման առաջարկություն է ներկայացրել, որ մենք խուսափենք քաղաքական ճգնաժամերից:

Այդ դրույթի համաձայն՝ եթե որեւէ ուժ չի հավաքում 50 տոկոսից ավելի, 1-ին եւ 2-րդ տեղերը զբաղեցրած քաղաքական ուժերի միջեւ նոր ընտրություն է տեղի ունենում, որպեսզի որեւէ ուժ արհեստականորեն ԱԺ-ում ունենա 50 տոկոսից ավելի մանդատ:

Ավելի լավ է՝ ժողովրդի հերթական քվեով քաղաքական ուժը ստանա մեծամասնություն, քան լինի այնպես, ինչպես Իտալիայում էր, Բելգիայում կամ Մոլդովայում: Այդ դեպքում ինչո՞ւ չպետք է մենք, այդ երկրների օրինակներն ունենալով, չփորձենք խուսափել այդ ճգնաժամերից:

Ենթադրենք՝ որեւէ քաղաքական ուժ առաջին փուլում ստանում է ձայների 30 տոկոսը, անցնում երկրորդ փուլ, որտեղ եւ ստանում է 50%-ով ավելի ձայն: Արդյոք սա արհեստակա՞ն չէ:

Արհեստական չէ, երկրորդ փուլում այդ քաղաքական ուժը ստանում է ժողովրդի նոր քվեն: Ժողովուրդն իրեն է վստահում հետագա իշխանություն ձեւավորելու, նախագահ ընտրելու իրավունքը:

Սահմանադրության նոր նախագծով ամրագրվում է, որ ԱԺ-ում նոր խմբակցություններ չեն կարող ձեւավորվել, ինչը Վենետիկի հանձնաժողովն առաջարկում է հանել: Ինչո՞վ է պայմանավորված նման դրույթի ներառումը:

Մեր ունեցած փորձից ելնելով՝ այդ դրույթը ես որոշակիորեն ճիշտ եմ համարում: Եթե ուսումնասիրենք մեր Ազգային ժողովի նախորդ գումարումները, մարդիկ կուսակցական թիմով գալիս են, հետո ասում՝ մենք այդ կուսակցության հետ գործ չունենք: Ի՞նչ է ստացվում. մարդիկ կուսակցության անվան տակ գալիս են Ազգային ժողով, հետո հրաժարվում այդ կուսակցությունից: Դա անընդհատ ԱԺ-ն ձեւափոխումների խնդիր է առաջացնում: Հիմա հստակ ասում ենք՝ ում հետ քաղաքական ճանապարհ ես անցել, ում հետ եկել ես խորհրդարան, բարի եղիր՝ մինչեւ վերջ գնա, կամ մանդատից հրաժարվիր:

Սահմանադրության նախագծում նշվում է նաեւ, որ երկրի նախագահին ընտրում է ընտրիչների ժողովը, որը կազմված է պատգամավորներից եւ ՏԻՄ ներկայացուցիչներից: Սակայն չի նշված, թե ինչպես են ընտրվելու ՏԻՄ-ը ներկայացնող ընտրիչները:

Մնացած բոլոր մանրամասները հետագայում օրենսդրությամբ կամրագրվեն: Ընտրիչների ինստիտուտի ներդրումը կարեւորվում է, որ երկրի նախագահն ընտրվում է ոչ միայն պատգամավորների կողմից, այլեւ ամբողջ Հանրապետության բնակիչների կողմից, որովհետեւ ՏԻՄ ընտրիչներին ընտրել է հենց տվյալ համայնքի, տարածաշրջանի ժողովուրդը: Սա շատ կարեւոր է:

Բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը օրերս մեզ հետ զրույցում նշել էր, որ իրենք ամեն ինչ արել են՝ հնարավոր բոլոր կոնֆլիկտների իրավական լուծումը տալու համար: Արդյոք սա նշանակում է՝ իշխանությունները վախենո՞ւմ են մարդկանց փողոց դուրս գալուց: Թերեւս Սահմանադրության նոր նախագիծը հնարավորություն է տալիս նաեւ քաղաքացիական հասարակությանը:

Հրայր Թովմասյանը շատ ճիշտ է ասում: Եթե Սահմանադրություն ենք փոխում, այնպես պետք է անել, որ հիմնովին պետք է անել, կնճռոտ, կիսատ մնացած բոլոր հարցերին պետք է լուծում տալ իրավական հիմքով, որ հետագայում տարբեր տեսակ կոնֆլիկտային իրավիճակներից կարողանանք խուսափել:

Առաջին անգամ է, որ վերպետական միջազգային կառույցներին Հայաստանի անդամակցությունը որոշվելու հանրաքվեի միջոցով:

Կարծում եմ, որ այս դրույթները պետք է բոլորը ողջունեն: Այն խնդիրները, որոնց մասին բազմիցս խոսվել են, քննարկվել են, քննադատվել են, այդ բոլորը հաշվի առնելով՝ փորձում ենք հենց այդ հարցերի լուծումները նոր Սահմանադրության մեջ ունենալ: Հասարակությունը պետք է ունենա լավ Սահմանադրություն:

Պարոն Ավետիսյան, Սահմանադրության նոր նախագծով մի շարք պատասխանատու պաշտոնյաներ, այդ թվում ԿԲ, ԿԸՀ նախագահները, գլխավոր դատախազը ընտրվելու են ԱԺ 3/5-րդ մեծամասնության կողմից: Հնարավո՞ր է Հայաստանում քաղաքական մեծամասնությունն ու ընդդիմությունը լինեն համակարծիք լինեն այս հարցերում:

Անկեղծ ասած, շատ կարեւոր քայլերից մեկն է սա, որովհետեւ որակյալ մեծամասնությամբ ընտրվելը նշանակում է, որ պետք է ճիշտ գտնել այն մարդուն, որը թե մեծամասնության, թե ընդդիմության մեջ իր մասնագիտական որակների նկատմամբ որոշակի գնահատական  եւ վերաբերմունք ունի: Կարծում եմ՝ սա շատ ճիշտ է եւ ողջունելի:

Կարծում եմ՝ այս բոլոր դրույթները առավել շատ պետք է գովաբանի քաղաքացիական հասարակությունը, ընդդիմությունը, որովհետեւ այս ամեն ինչն ավելի շատ արվում է իրենց համար: Ամեն ինչ անում ենք, որ քաղաքական տարբեր ուժեր ներգրավված լինեն բոլոր այս գործընթացներում:

Ընդդիմությունը, այնուամենայնիվ, դեմ է Սահմանադրական այս բարեփոխումներին:

Ընդդիմության մեծ մասն առաջնորդվում է «Միայն ինչքան վատ, այնքան լավ» սկզբունքով: Եթե նորմալ ընդդիմություն է, առաջինը ինքը պետք է ողջունի, որովհետեւ այս ամեն ինչն ավելի շատ ուղղված է այն քաղաքական ուժերին, որոնք որպես ընդդիմություն՝ տեղ կգտնեն ապագա խորհրդարանում:

Զրուցեց Աիդա Հովհաննիսյանը