«Հատիսի լանջին» ռեստորանից 30 հարսանքավորների թունավորման դեպքի վերաբերյալ փորձաքննության եզրակացությունը դեռ չկա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սննդի անվտանգության պետական ծառայության մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը:
Նա նշեց, որ մանրէաբանական հետազոտությունը տեւում է 7 օր: «Հաստիսի լանջին» ռեստորանի գործունեությունը կասեցված է, դեպքի առթիվ էլ գործ կա հարուցված: Ինչ վերաբերում է ԵԿՄ ամառային ճամբարից 20 երեխայի թունավորման դեպքին, ապա փորձաքննության եզրակացությունն արդեն պատրաստ է, այն կհրապարակեն շաբաթվա սկզբին:
Մեր տեղեկություններով՝ հարսանքավորների թունավորման պատճառը եղել է հավի մսից պատրաստված աղցանը: Բանն այն է, որ վատ ինքնազգացողություն ունեցել էին բոլոր նրանք, ովքեր հավի աղցանից համետսել էին: Իսկ մայոնեզով պատրաստված աղցանը մի քանի ժամ մնացել էր դրսում՝ սեղաններին դրված:
Ինչ վերաբերում է ԵԿՄ ամառային ճամբարում թունավորման դեպքին, ապա, մեզ հասած տեղեկություններով, այնտեղ գլխավոր խնդիրը հիգիենիկ պայմանները չապահովելն էր, որն էլ նպաստել է կենցաղակոնտակտային ճանապարհով տարածմանը:
Նշենք, որ միայն վերջին մեկ ամսվա ընթացքում զանգվածային թունավորման երեք դեպք է եղել: Վերջինի մասին տեղեկատվությունը տարածվել է երեկ, երբ Վայոց ձորի մարզի ճամբարից 16 երեխա է հոսպիտալացվել:




























