Հանրապետության հրապարակում էլեկտրաէներգիայի թանկացման որոշման չեղարկման պահանջով արդեն 11-րդ օրը նստացույց անող «Ոտքի Հայաստան» նախաձեռնության`  ՀԾԿ հանձնաժողովի հրաժարականի պահանջով  ստորագրահավաքին 3 օրվա ընթացքում հավաքվել է 1500-ից ավելի ստորագրություն: Այս մասին այսօր` օգոստոսի 8-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ոտքի Հայաստան» նախաձեռնության  խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը` հավելելով, որ ստորագրահավաք է անցկացվում նաեւ Վանաձորում, Գյումրիում եւ այլն:

«Ստորագրահավաք արդեն 3 օր է անում ենք, բայց հիմնականում օրվա ընթացքում 4 ժամ ենք անում` հով ժամերին: Հիմնականում 5 անցորդից 4-ը մոտենում եւ ստորագրում է, այսինքն` քաղաքացիներն ակտիվ մասնակցում են: Գյումրիում եւ Վանաձորում կան քաղաքացիներ, որոնք իրենց նախաձեռնությամբ նույն պհանջով ստորագրահավաք են անցկացնում»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ից Հանրապետության հրապարակում նստացույց են սկսել «Ոտքի Հայաստան» շարժման մասնակիցները: Նրանք պահանջում են չեղարկել էլեկտրաէներգիան 6,93 դրամով թանկացնելու որոշումը, ՀԾԿՀ անդամների հրաժարականը եւ ՀԷՑ–ի ազգայնացում: