Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայությունը 49 տարով երկարաձգելու մասին արձանագրության ստորագրումը մեսիջ է Ադրբեջանին, ըստ որի անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը պատրաստ է ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին։ Օգոստոսի 18-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։

Նրա խոսքով, եթե Ռուսաստանը կոնկրետացնում է մեր երկրում իր ռազմաբազայի գործունեության հետ կապված հարցերը, ապա լավ հասկանում է, որ դրանով  պարտավորություն է ստանձնում ռազմական աջակցություն տրամադրել Հայաստանին. «Այս առումով կարեւոր է հատկապես ՀԱՊԿ շրջանակներում արագ արձագանքման ստորաբաժանումների ստեղծումը, ինչը հնարավորություն կտա պատերազմական գործողությունների ժամանակ ռազմական օգնություն ստանալ կառույցի անդամ երկրներից»,- ընդգծեց քաղաքագետը։

Նշելով, որ թեեւ ինքը համոզված չէ, թե Ռուսաստանը C-300 տիպի հրթիռային համալիր է վաճառել կամ վաճառելու Ադրբեջանին, Սերգեյ Մինասյանը միաժամանակ չբացառեց, որ նման բան կարող է պատահել. «Եթե անգամ Ռուսաստանը նման բան անի, ապա տեխնիկական հավասարակշռության համար կբարձրացնի նաեւ Հայաստանին տրամադրվող երաշխիքների աստիճանը»,- ամփոփեց նա։

Նշենք, որ համաձայն վերջերս շրջանառվող լուրերի՝ Ռուսաստանը պատրաստվում է C-300 տիպի հրթիռային համալիր մատակարարել Ադրբեջանին։