Ռուսաստանի դպրոցներում հայերեն դասավանդելու հնարավորություն միանշանակ կա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով, ներկայում քննարկվում են մեծ թվով հայ բնակչություն ունեցող քաղաքների՝ Սոչիի, Ռոստովի, Մոսկվայի, Պետերբուրգի պետական դպրոցներում հայերենի դասավանդման տարբերակները: «Նպատակ ունենք հայ երեխաներից կազմված դասարաններում հայոց լեզուն եւ գրականությունը պարտադիր առարկա դարձնել»,- հավելեց Աշոտյանը:

Անկախ Հայաստանում հայերենի՝ որպես օտար լեզվի դասագրքեր դեռեւս չեն կազմվել: «Ծրագրում ենք ստեղծել նաեւ էլեկտրոնային դասագրքեր, ընդ որում՝ տարբեր մակարդակով հայերենին տիրապետողների համար»,- ասաց նախարարը: Դասագրքերի եւ ուսումնական ծրագրերի պատրաստման ժամկետներն առայժմ հայտնի չեն: