NEWS.am-ը ներկայացնում է հարցազրույց Ռուսաստանում Քուրդիստանի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Հոշավի Բաբաքրի հետ.  

Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայում եւ տարածաշրջանում տիրող իրավիճակը` նկատի առնելով այն հանգամանքը, որ Անկարան, Սուրուչում տեղի ունեցած ահաբեկչությունը որպես «Իսլամական պետության» դեմ պայքարի պատրվակ օգտագործելով, Քուրդիստանի բանվորական կուսակցության դեմ ռազմական արշավ է սկսել: Ո՞րն է երկամյա զինադադարի խախտման պատճառը կամ պատճառները:

Իրավիճակը լարված է, որովհետեւ վերջին ժամանակներս կողմերը քայլեր են ձեռնարկել, որոնք հանգեցրել են վերջին երկու տարվա ընթացքում կառուցված  «շինության» ոչ ամբողջական, բայց զգալի ավերմանը: Նման քայլեր շատ են եղել: Ես կթվարկեմ նրանք, որոնք իմ կարծիքով հիմնականներն են:  

Հիշեցնեմ, որ 2013-ի մարտին Քուրդիստանի բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլլա Օջալանը, որը թուրքական բանտում էր գտնվում, կոչ արեց Անկարայի հետ խաղաղության գործընթաց սկսել, որպեսզի վերջ դրվի ՔԲԿ-ի եւ Թուրքիայի իշխանությունների միջեւ արդեն  30 տարի շարունակվող հակամարտությանը, որը երկու կողմից ավելի քան 30 հազար կյանք է խլել:  Այդ նախաձեռնությանն աջակցեց մեկ ուրիշ քուրդ հեղինակավոր առաջնորդ` Մասուդ Բարզանին, որը քիչ ջանք չի գործադրել այդ խաղաղ գործընթացը սկսելու եւ առաջ մղելու համար:  Բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հիմնական կետերը հետեւյալն էին.  ռազմական գործողությունների դադարեցում, ՔԲԿ-ի պարտիզանների դուրս բերում թուրքական տարածքներից դեպի Իրաքյան Քուրդիստանի տարածք, սահմանադրական փոփոխություններ, որոնք   ազգային փոքրամասնությունների համար մշակութային իրավունքներ եւ ազատություններ ապահովեին եւ ՔԲԿ-ի առաջնորդ Աբդուլլա Օջալանի բանտային պայմանների մեղմացում:

Այժմ Թուրքիան ապրում է 80 թվականի ռազմական հեղաշրջման արդյունք  սահմանադրությամբ, որում շատ կետեր կան, որոնք նվիրված են այլ ժողովուրդների եւ ազգությունների մերժմանը: Սա ավտորիտար վարչակարգի սահմանադրություն է: Դրա փոփոխումը  ամենակարեւոր խոստումներից մեկն էր , որ Թուրքիայի կառավարությունը տվել էր Օջալանի հետ բանակցությունների ընթացքում:   Թուրքիայում իշխող կուսակցությունը, որի ղեկավարն է ներկայիս նախագահը` Արդարության եւ զարգացման կուսակցությունը, այդպես էլ վճռականություն չունեցավ փոփոխելու Սահմանադրությունը: Իհարկե, ինքը` ԱԶԿ-ն ընդունում է  քրդերին եւ երկրի այլ փոքրամասնությունների, կրթության ոլորտում որոշ բարեփոխումներ է արել, բայց այդ մոտեցումը սահմանադրական բնույթ չի կրում, այսինքն` պետական մակարդակով չի ընդունվում: 

Երկրում խորհրդարանական նախորդ ընտրություններին քրդերը ԱԶԿ-ի օգտին էին քննարկել հենց իր   «բարի մտադրությունների» համար եւ հենց դա էր պատճառը, որ ԱԶԿ-ին անդամակցում էր  քրդական շրջանների 670 ներկայացուցիչ: Բոլորը մեծ հույս ունեին, որ իշխանական կուսակցություն դառնալով` այն կկարողանա փոխել իրավիճակը:  Այժմ ԱԶԿ-ում հակառակ իրավիճակն է` նրա շարքերն են լցվել «Ազգայնական շարժում» կուսակցության նախկին անդամներ. այդ բացահայտորեն ազգայնական ուժը միշտ բացասաբար է ազդել Թուրքիայում քրդական հարցի լուծման ընթացքին: ԱԶԿ-ի քուրդ անդամների մի մասը հեռացել է դեպի քրդամետ նորաստեղծ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն, որն իր մեջ միավորում է տարբեր ազգային, կրոնական եւ սոցիալական փոքրամասնությունների ներկայացուցիչների, այդ թվում նաեւ հայերի: 

Թուրքիան անհամաչափ դիրքորոշում որդեգրեց նաեւ Սիրիայում քրդական հարցի վերաբերյալ: Այնտեղ` երկրի քրդական հատվածում` Սիրիական Քուրդիստանում, որը սահմանակից է Թուրքիայի քրդական հատվածին` Թուրքական Քուրդիստանին,   «Իսլամական պետության» դեմ  կռվում է ՔԲԿ-ին կապված «Դեմոկրատական միության կուսակցությունը» եւ իր ռազմիկները:   Նրանք հակաիսլամիստական դաշինքի ռազմական օդուժի աջակցությամբ արդյունավետորեն դիմակայում են ԻՊ-ի ահաբեկիչներին: ԻՊ-ի դեմ պատերազմում նրանց վաստակը ճանաչված է բոլորի կողմից, բայց ոչ Թուրքիայի, որը դրանում շքանշանի միայն մի կողմն է տեսնում. «ԴՄԿ-ի քրդերը ՔԲԿ-ի մասնաճյուղն են, նշանակում է ահաբեկիչներ են»:   Դրա համար էլ Թուրքիան փակել է, կամ մասամբ փակել է Սիրիական Քուրդիստանի հետ իր սահմանը, մյուս կողմից էլ կորցրել է քրդերի աջակցությունը ոչ միայն Թուրքիայում, այլեւ Իրանքում, Իրանում եւ Սիրիայում:

Թուրքիայում վերջին խորհրդարանական ընտրություններն ի ցույց դրեցին քրդերի հիասթափությունը. «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» ստացավ ձայների 13%-ը: Այժմ ԱԶԿ-ն այլեւս մեծամասնություն չէ, այլեւս չի կարող որոշել երկրի քաղաքականությունը, իսկ քրդերի հետ հաշտության հեռանկարն անհետանում է: Այժմ Թուրքիան չի կարողանում կառավարություն ձեւավորել: Թուրքիայի նախագահ  Ռեջեփ Թայիպ Էրդողանի սրտին այնքան թանկ սահմանադրական փոփոխությունները, որոնք միտված էին խորհրդարանական կառավարումը նախագահականով փոխարինելու, չեն իրականացել: Իսկ նա արդեն նոր նախագահական պալատ է կառուցել:

Իշխանությունների եւ ՔԲԿ-ի միջեւ ոչ մի տեսակի վստահություն չկա:  Չնայած` բավականին հեշտ է լուծել քրդական հարցը: Օրինակ`անձամբ Օջալանին հեռուստատեսությամբ ելույթ ունենալու հնարավորություն չեն տալիս:  Այդ առաջնորդը հարյուր տոկոսանոց ազդեցություն ունի, նա կարող է խաղաղության հասնել ու մանավանդ` ուզում  է դա:   Իհարկե, ՔԲԿ-ում ինչ-որ մեկը կհրաժարվի ենթարկվել, կասի, թե դրանք թուրքական հետախուզության խոսքերն են, ոչ թե Օջալանի: Բայց եթե Օջալանն անձամբ ասի դա, արդյունքն իրեն սպասեցնել չի տա:  . Կարելի է նաեւ անմիջապես բանակցել Օջալանի եւ իր ՔԲԿ-ի հետ: Բայց դա չի արվում:   Պետք է հասկանալ, որ եթե Օջալանը չլինի, այդ հարցը կընկնի ծայրահեղականների ճիրանների մեջ:  ՔԲԿ-ն պահանջում է, որ Մարմարա ծովի կղզու բանտում բանտարկված իր առաջնորդն առանց որեւէ պայմանի ազատ արձակվի:  Նախագահի իրավասությունների մեջ է մտնում ցանկացած բանտարկյալի ազատել եւ տնային կալանքի փոխադրել, ինչին համաձայն են ՔԲԿ-ում:  Չէ՞ որ Թուրքիայում խաղաղության հարցն ամբողջ տարածաշրջանի շահերին է առնչվում:  Բայց ազգայնականների ազդեցությունը չափազանց մեծ է, եւ կառավարությունը չի կարող անել խաղաղությանն ընդառաջ այս պարզ քայլերից որեւէ մեկը:

Ինչ վերաբերում է տարածաշրջանային իրավիճակին, առկա է սիրիական ճգնաժամը, իրաքյան պատերազմը, փաստացի` թուրքական պատերազմը:  Այդ ձգձգվող հակամարտությունները տանում են դեպի լարվածության մեծացում եւ ավերածություններ, եւ խնդիրների խաղաղ լուծման սկզբունքին այլեւս տեղ չի մնում:   Որոշիչը միայն ուժն է լինելու, եւ ամենամեծ վտանգը հենց դա է:  Մնում է հույս փայփայել, որ տարածաշրջանային երկրները չեն ցանկանա վտանգել իրենց թեկուզ եւ հարաբերական բարեկեցությունը եւ կօգնեն խուսափել պատերազմի տարածումից:  Օրինակ` Իրանը, որը ցանկանում է նորից համաշխարհային հանրության մաս դառնալ եւ իր վրայից հանել էմբարգոն:   Բայց մենք բոլորս պիտի հիշենք այն մասին, որ խաղաղության պայմաններում լուծվում են նույնիսկ ամենաբարդ հարցերը, իսկ պատերազմը լուծման ոչ մի տարբերակ չի թողնում: 

Ո՞րն է ԱՄՆ-ի դերը թուրքական զինված ուժերի եւ Քուրդիստանի բանվորական կուսակցության ապստամբների միջեւ բախումների հարցում: 

ԱՄՆ-ը Թուրքիային պաշտոնապես իրավունք է տվել պաշտպանելու իրեն, բայց հանդես է գալիս Սիրիայում իր քուրդ դաշնակիցների` ԴՄԿ-ի դեմ: Եվ Թուրքիան հաստատել է, որ ԴՄԿ-ի ուժերին հարվածներ չեն հասցվի: 

Հատկապես Ստամբուլում ամերիկյան հյուպատոսարանի վրա հարձակումից հետո շատ է ասվում, որ Թուրքիան կկորցնի ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի համար իր դերը:  Մերձավորարեւելյան տարածաշրջանում ո՞ր երկիրը կարող է ԱՄՆ-ի համար Թուրքիային փոխարինել: 

Թուրքիան, ինչպես եւ Իրանը եւ արաբական երկրները (նախ եւ առաջ Սաուդյան Արաբիան եւ Եգիպտոսը) եղել եւ մնում է տարածաշրջանի նշանակալի երկիր, չի կարող կորցնել իր դերը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը երկու դատական հայց է ներկայացրել քրդական Ժողովուրդների դեմոկրական կուսակցության առաջնորդ Սալահադդին Դեմիրթաշի դեմ նրա համար, որ վերջինս իրեն մեղադրել է Սուրուչի պայթյունը կազմակերպելու  եւ  «Խոշոր կաշառքի» գործին մեղսակից լինելու համար: Փորձագետների կարծիքով, Էրդողանն այդ քայլերով փորձում է ճնշում գործադրել քրդական կուսակցության վրա` ընտրությունների արդյունքները հաշվի առնելով:  Որքա՞ն հեռուն կգնա Էրդողանը, նրա գործողությունները կհանգե՞ն ցանկալի արդյունքի, մասնավորապես, նոր խորհրդարանական ընտրությունների: 

Թուրքիայի եւ ՔԲԿ-ի միջեւ պատերազմի պայմաններում խաղաղ ԴՄԿ –ն կարող է այդ հակամարտության անմեղ զոհը դառնալ: Էրդողանը նրանից պահանջում է ավելի կոշտ դիրքորոշում ունենալ ՔԲԿ-ի հանդեպ, իսկ ՔԲԿ-ից էլ` քաղաքական պայքարից հրաժարում:  Օրինակ` վերջերս նրանք Թուրքիային սպառնացել են, որ Թուրքական Քուրդիստանի մի մասը (Իրաքի սահմանին տեղակայված քաղաքները` Շիրնակը, Սիլոպին եւ Ջազիրան) կառանձնանան եւ իրենց սեփական կառավարությունը կհռչակեն: Այսպիսով, նրանք այժմ լուրջ ճնշման տակ են, որովհետեւ իրենց կողմնակիցների ճնշող մեծամասնությունը կարեկցում են ՔԲԿ-ին: 

Դեռ երեկ Թուրքիայում չէին խոսում խորհրդարանական կրկնակի ընտրության մասին. նախատեսվում էր ԱԶԿ-ի եւ Ժողովրդա-հանրապետական կուսակցության կոալիցիոն կառավարության ստեղծումը:  Բայց օգոստոսի 13-ին Թուրքիայի վարչապետ Դավութօղլուն հայտարարել է , որ նման դաշինքն անհնար է կրթության եւ արտաքին քաղաքականության վերաբերյալ էական տարաձայնությունների պատճառով:  Այսինքն կառավարություն ձեւավորելու համար ամենայն հավանականությամբ նոր ընտրություններ կանցկացվեն:

Դուք ինչպե՞ս կբնութագրեիք Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթացում: Ձեր կարծիքով ո՞րն էր Անկարայի իրական նպատակը 2009- հոկտեմբերի 10-ի հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելիս:  

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հակամարտությունն ազդում է ամբողջ տարածաշրջանի վրա, այն տարածաշրջանային լարվածության մաս է կազմում:  Եթե տարաձայնությունները լուծվեին,  սահմաններն էլ բացվեին, բոլոր կողմերը, այդ թվում նաեւ  քրդերը կարող էին օգտվել բազմախոստումնալից տնտեսական եւ քաղաքական հնարավորություններից: 

Կարող եմ նույնիսկ ասել, որ այդ դեպքում քրդերն ավելի քիչ դրդապատճառներ կունենային սրելու իրավիճակը:  Ահմեդ Դավութօղլուի ռազմավարական ծրագիրը`    «Զրո խնդիր հարեւանների հետ» պիտի դիտարկի Հայաստանի լուրջ ներգրավում ( ինչը չի արվել Ադրբեջանի ճնշման հետեւանքով): Թուրքիայում ԱԶԿ-ի իշխանության գալով եւ նրանց բաց քաղաքականությամբ պայմանավորված` Թուրքիայի  ՀՆԱ-ն սկսել է աճել այնպիսի տեմպով, որն  աշխարհում ամենաբարձրերից մեկն է:  Դա վերաբերում է նաեւ Թուրքիայի քրդական շրջաններին, որտեղ պատմության մեջ առաջին անգամ տնտեսական աճ է սկսվել:  Այդ աճը կարող էր նաեւ Հայաստանի տարածքի վրա տարածվել, նրա աճի մաս կազմել: Ես գիտեմ, որ Հայաստանին սահմանակից տարածքներում ապրող քրդերը շատ հետաքրքրված են բազմակողմանի հարաբերությունների զարգացմամբ:

 Զրուցեց Տաթեւիկ Ղազարյանը