Չինական Տյանցզինում, որտեղ դյուրավառ նյութերի պահեստում օգոստոսի 12-ին հզոր պայթյուն էր որոտացել, տեղի բնակիչներին անհանգստացրել են առաջին տեղումները, որոնց պատճառով փողոցներում սպիտակ փրփուր է հայտնվել:
Ինչպես հաղորդում է Shanghaiist պորտալը, նրանք, ովքեր շփվել են անձրեւի հետ, բողոքում են դեմքին եւ շուրթերին այրոցներից: Շատերը նաեւ նշել են, որ սպիտակ փրփուրին դիպչելուց հետո ձեռքերին այրոցներ եւ քոր է հայտնվել:
Օդերեւութաբանական փորձագետները հայտարարել են, որ տեղումներն անմիջական վտանգ չեն ներկայացնում մարդկանց առողջության համար: Բայց իշխանությունները անհանգստացած են նրանով, որ տեղատարափ անձրեւը, որն անցել է վթարի վայրով, վնասակար նյութերը կտարածի ամբողջ շրջանով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ վտանգավոր քիմիական նյութի մոտ 40 տեսակ է հայտնաբերվել ողբերգության վայրում, այդ թվում նաեւ` 800 տոննա ամիակային սելիտրա եւ 500 տոննա կալիումի նիտրատ: Պահեստներում ընդհանուր առմամբ պահվել են մոտ երեք հազար տոննա կշռող վտանգավոր քիմիական նյութեր:





























